Մենք հպարտ ենք, որ Ալեք Պողոսյանի որդիներն ենք. Հանրահավաքին որդին կկարդա հոր նամակը
Վաղը՝ նոյեմբերի 5-ին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, իր քաղաքական հայացքների համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում ժամը 5-ին կանցկացնեն հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով:Այս մասին այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, այժմ անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:Հոր կալանավորումից հետո Շահեն Հարությունյանն արդեն 4-րդ տարին կազմակերպում է Անոնիմուսների երթը՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին: Նա կոչ արեց մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին և երթին: «Ժամանակի ընթացքում մեր երկիրը կործանվում է, և կործանման հիմնական մեխը հասարակության գիտակցության վերացումն է: Այսինքն՝ մեր իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացիների գիտակցությունը բարձր մակարդակի չլինի»,- ասաց Շահեն Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Շահեն Հարությունյանի հետ եկել էին նաեւ Շանթ Հարությունյանի հետ դատապարտված Ալեք Պողոսյանի հինգ որդիներից երկուսը՝ Մարտունն ու Րաֆֆին: Վաղը Ազատության հրապարակում նրանք հանդես կգան հայտարարությամբ՝ կընթերցեն իրենց հոր նամակը, որ նա ուղարկել է ՔԿՀ-ից. «Մենք հիմա ուզում ենք շարունակել իր գործը: Մենք հպարտ ենք, որ Ալեք Պողոսյանի որդիներն ենք»: Նրա եղբայրը՝ Րաֆֆին, ասաց, որ հինգ երեխա են, և իրենք շարունակելու են իրենց հոր գործը: Շահեն Հարությունյանի խոսքով՝ երթի մասին իրազեկում արդեն իսկ ներկայացվել է Երևանի քաղաքապետարան:
