«Հանրապետական կուսակցությունը պահպանողական է». ՀՀԿ խոսնակ
«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստում այսօր՝ նոյեմբերի 3-ին, քննարկվել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը փոփոխելու հարցը։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Գործադիր մարմնին առաջարկվել է փոփոխություններ իրականացնել կուսակցության ծրագրում, այս առաջարկությունները դեռ վերջնական տեսքի չեն բերվել, քննարկումները շարունակվում են։ Շաբաթվա վերջ պարզ կլինի՝ կուսակցության կանոնադրության եւ ծրագրի հետ կապված փոփոխություններն ինչպիսին կլինեն»,-ասել է Շարմազանովը։ Նա նշել է, որ փոփոխությունները չեն վերաբերվում ներքին եւ արտաքին քաղաքականությանը։ «Մարդու իրավունքների հետ կապված, ազգային գաղափարախոսության հետ կապված նոր դրույթներ կավելանան, սա դեռեւս քննարկման մակարդակում է։ Հանրապետական կուսակցությունը պահպանողական է, եւ եթե սպասում եք, որ պետք է դառնա լիբերալ կամ սոցիալ-դեմոկրատական, նման բան չի կարող լինել։ Այն զբաղեցնելու է ազգային պահպանության բեւեռը։ Մեր ծրագրային փոփոխությունները որոշ առումով կապված են լինելու այն նոր մարտահրավերների ու դերակատարման հետ, որը կունենան այսուհետ ՀՀ քաղաքական կուսակցությունները։ Ոչ թե արմատական փոփոխության ենք ենթարկում, այլ որպես պահպանողական ուժ, հավիտենականի ու մնայունի հիմքի վրա, ավելացնում ենք այն նոր շտրիխները, որոնք կօգնեն ավելի արդյունավետ աշխատել»,-մանրամասնել է Շարմազանովը։
