ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը: ՀՀ ՊՆ-ը տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է և բնակավայրերի թիրախավորումը բացառված է: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների Է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում»:
