«Գազի գնի իջեցումն ազդելու է նաև էլեկտրաէներգիայի գնի վրա». Վարդան Այվազյան. տեսանյութ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Այվազյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի սակագնի իջեցման թեմային:Ինչպես տեղեկացրեց՝ գների իջեցում նախատեսվում է հունվարից, և վեց ամիս գազի գնի իջեցման որոշումը չի կարող փոխվել: Նրա խոսքով` «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ներկայացված հայտի տարբերակով քննարկվում են սպառողական խմբերի տարանջատման մեխանիզմները` գազի գնի իջեցման համար, և սակագնի իջեցումը վերաբերում է բոլոր խմբերին: «Հայտի նախնական տարբերակով` մինչև 600 խմ սպառողների համար, որոնք ընդգրկված են սոցիալական ապահովության ցանկերում, գազի գինը կդառնա մեկ խորանարդ մետրը 100 դրամ՝ ներկայումս գործող 146 դրամի փոխարեն»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ջերմոցային տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների համար ևս գազի սակագինը կարող է դառնալ 100 դրամ:
