ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է պատրաստում` ՊՊԾ գնդի դեպքերի վերաբերյալ
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 2017 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ հետաքրքրվեց ՄԻՊ Արման Թաթոյանից, թե արդյոք կա վիճակագրություն ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ցույցի մասնակիցների բերման ենթարկվածների, որոշների հանդեպ էլ կալանքը որպես խափանման միջոց սահմանվածների թվի վերաբերյալ։ «Ես Ձեզ դիմել էի նամակով։ Մի քանի քաղաքացիական ակտիվիստների՝ Դավիթ Սանասարյանին և այլն, Դավթաշենի բաժում փորձել էին նվաստացնել ասելով՝ «իջի, կոշիկս համբուրի» և այլն, և այլն։ Ձեր դիմումի համաձայն՝ քրգործ էր հարուցվել։ Այս պահին ի՞նչ տեղեկատվություն կարող եք տրամադրել այդ գործի վերաբերյալ, որովհետև մենք հետադարձ տեղեկատվություն չստացանք, թե մեր և Ձեր դիմումի վերաբերյալ այդ անպարկեշտ դեպքի հետ կապված։ Այս պահին ի՞նչ իրավիճակ ունենք», - հարցրեց պատգամավորը։ Ա.Թաթոյանը նշեց, որ այդ ամենը կարտացոլվի իր արտահերթ զեկույցում. «Կալանքների հետ կապված համատեղ աշխատանք ենք արել պատգամավորների հետ: Կալանքը պետք է լինի բացառիկ միջոց և կալանքի դեպքում պետք է անհատական մոտեցման պայմաններում հիմնավոր քննարկվի անձի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հարցը, փախուստի դիմելու հարցը և անձնական այլ հարցեր: Կալանովրումների թիվը ես չգիտեմ, հարցումներ ենք արել, սպասում ենք պատասխանի: Դավիթ Սանասարյանի, Անդրանիկ Ասլանյանի դեպքերի հետ կապված քրեական գործ է հարուցվել, լրացուցիչ հարցում ենք ուղարկել, որ հասկանանք այդ քրեական վարույթն ի՞նչ ընթացք է ստացել»:
