«Մինչեւ հիմա չկա՞ր: Ծիծաղելի է արդեն սա». Արամ Մանուկյանը՝ նախարարին
Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հետաքրքրվելով, թե որտեղի՞ց, ինչպե՞ս են փոխհատուցելու գազի սուբսիդավորումը:Նախ նա նշեց, որ գազի սակագինն իջնելու է ջերմատների համար և հետաքրքրվեց, թե դա սուբսիդավորվելու է կառավարության կողմից, թե ոչ: Ի պատասխան Մանուկյանի հարցադրմանը, նախարարը նշեց, որ իրեն արդեն իսկ ուրախացնում է այն հանգամանքը, որ սակագինն իջնելու է: Իգնատի Առաքելյանն ի պատասխան ասաց. «Գազի սուբսիդիայի հետ կապված, ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածը չի հետաքրքրում: Կարեւորը ջերմատները շատ լինեն, մնացած գերատեսչություններն իրենց հաշվարկն արդեն արել են»: Այնուհետև Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր, որ կարկուտից ամենից շատ տուժած Արագածոտնի մարզի բնակիչների վարկերը կսառեցնի. «Ի՞նչ ընթացքում է այս հարցի լուծումը: Մինչեւ հիմա չկա՞ր: Ծիծաղելի է արդեն սա»: «Արագածոտնի մարզի հետ կապված չգիտեմ. ճշտեմ, կտեղեկացնեմ ձեզ: Կարկուտի դեմ պայքարի հայեցակարգը կազմելիս մտավարժանք ենք անելու, թե որ ուղղությամբ ենք գնալու: Այս պարագայում մասնավոր հատված-պետություն իրար հետ պետք է համագործակցեն: Քանի որ վնասը շատ-շատ է կարկուտից, զգալի փոխհատուցում, որ գյուղացին բավարարված լինի, չկա. ինքը մենակ է մնացել բնակլիմայական պայմանների հետ»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:
