Թուրք պատգամավորը Ֆեթուլահ Գյուլենին հայկական ծագում է վերագրում
Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքական «Kanal A» հեռուստաալիքի «Թուրքիայի ընտրությունը» հաղորդմանը հյուրի կարգավիճակում պատգամավոր Օրհան Դելիգյոզը անդրադարձել է գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի ծագմանը: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Դելիգյոզը, ցանկանալով «վարկաբեկել» Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ ու երկրի իշխանությունների կողմից հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենին, նրան վերագրել է հայկական ու հրեական ծագում: Պատգամավորը հայտարարել է, որ Գյուլենի հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը` հրեա: Դելիգյոզը նշել է, որ Գյուլենի մոր անունը Ռաբին է եղել` շեշտելով, որ այդպիսի անուն չի կիրառվում ո՛չ թուրքերի, ո՛չ էլ քրդերի շրջանում: Իսկ ահա հոր մասին պատգամավորը որևէ տեղեկություն չի հայտնել: Ուղղակի նշել է, որ Գյուլենի ընտանիքը Թուրքիա է գաղթել Իրանից: Մի կարճ ժամանակ ապրել է Բիթլիսում, այնուհետև տեղափոխվել Էրզրում: Դելիգյոզն ասել է, որ Էրզրումում Գյուլենը իր հոր անունով նույնիսկ մզկիթ է հիմնել, բայց դարձյալ չի պարզաբանել, թե ինչ է Գյուլենի ենթադրյալ «հայ» հոր անունը:
