Աջակցություն՝ երեխա ունեցող գործազուրկ կանանց
Սոցիալական պաշտպանվածության ոլորտում որոշակի միջոցների՝ շուրջ 1.1 միլիարդով ավելացումն ուղղված է ընտանիքների կենսամակարդակի բարձրացման և ընտանեկան նպաստների բարձրացման ծրագրին:Այս մասին այսօր ԱԺ-ում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հիշեցրեց, որ օգոստոսին 1000 դրամով ավելացվել է նպաստների չափը, ինչպես նաև զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևների մասով է ավելացում եղել։ Նախարարը նշեց, որ 2017 թվականին երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանանց աջակցության ծրագիր է լինելու, այդ կանանց տրվելու է մասնագիտացում ունենալու հնարավորություն, կիրականացվի բնակարանների կարիքներ ունեցող առանձին անձանց բնակարանի ապահովման աջակցման առանձին ծրագիր: Արտեմ Ասատրյանն ասաց, որ 2015-ի տվյալներով 969 անձ ընդգրկվել է մասնագիտական ուսուցման ծրագրերում, որից 870-ը աշխատանք է գտել: "Հատկացված բյուջեի ներքո այս քաղաքականությունը շարունակվելու է նաև 2017 թվականին, նման կերպ այս ծրագրերում աշխատաշուկայում անմրցունակ անձինք են ընդգրկվում",-ասաց նա: Անդրադառնալով գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայմանը` նա ասաց, որ շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է հիմնականում գնում:
