Ինչու են 30 դատախազները որոշել հեռանալ
«Մեր հատկացումը կազմում է մոտ չորս մլրդ դրամ, որից 89 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա: Հիմնական խնդիրը պայմանավորված է կենսաթոշակների հետ: Պարզվում է՝ 30-31 դատախազ եկող տարվա հունվարի մեկից արդեն ներկայացնելու են վերջնահաշվարկի դիմումներ՝ աշխատանքից ազատվելու ու թոշակի անցնելու մասին:Խնդիրն այն է, որ 2017թ. հուլիսի մեկով դատախազների կենսաթոշակի չափը էականորեն նվազելու է: Եթե այս խնդիրը չլուծվի, ապա խնդրի առաջ ենք կանգնելու»,-ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկումներին հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Հմայակ Նավասարդյանը : ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն ի՞նչ որակական ցուցանիշներ պետք է հետապնդի եկող տարում. «Ամեն անգամ տարեկան հաղորդում եք ներկայացնում, որտեղ կա ամեն ինչ, բացի այն հիմնական ցուցանիշներից, որոնք պետք է բնորոշ լինեին միայն Դատախազությանը: Դուք ուղենշե՞լ եք, թե որ ուղղությամբ քանի քայլ ու որքա՞ն պետք է կատարեք»:
