Լեռնիկ Ալեքսանյան. Իշխանությունները Ծառուկյանին խնդրելու խնդիր չունեն
Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել էր, որ քաղաքականություն կվերադառնա, երբ քաղաքական գործիչները, ժողովուրդը իր պահանջարկը զգան, նա նաև առանց մանրամասնելու, թե ովքեր, ասել էր, որ իրեն պետք է խնդրեն, որ այդ ծանրության տակ մտնի։
«Առավոտ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը բացառել է, որ իշխանությունները Գագիկ Ծառուկյանին կխնդրեն վերադառնալ. «Իշխանությունները խնդրելու խնդիր չունեն։ Ւշխանություններին պետք է, որ քաղաքական դաշտը կայանա։ Եթե Ծառուկյանի գալով ԲՀԿ-ն կդառնա կուսակցություն, ավելի ուժեղ, քաղաքական դաշտի դեմք, ապա ՀՀԿ-ն ուրիշ կուսակցության անդամին ի՞նչ խնդրի»։
Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանը պահանջարկ լինելու-չլինելու մասին պետք է ասեն ԲՀԿ-ականները. «Իսկ որոշումն իրենն է՝ ինքը կմտնի՞ քաղաքական դաշտ, թե՞ չի մտնի։ Իր կուսակցությունների մեջ այդ պահանջարկը կա, քաղաքական դաշտում ինքն է որոշում՝ ինչու է մտնում, ոնց է մտնում»։
