«Կտրուկ շրջադարձ»-ը՝ նոյեմբերի 5-ին
Ռուբեն Հախվերդյանը «Կտրուկ շրջադարձ» խորագրով նոր համերգային ծրագիր կներկայացնի իր երկրպագուներին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հնչելու են նոր գործիքավորման շնորհիվ թարմացված բազմաթիվ սիրված երգեր: «Վաղուց ենք համագործակցում Ռուբեն Հախվերդյանի հետ: Համատեղ հինգ ձայնասկավառակ ենք ձայնագրել : «Մեր սիրո աշունը», «Երևանի գիշերներում» և այլ հայտնի երգեր կհնչեն նոր գործիքավորմամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Աննախադեպ համերգին ելույթ է ունենալու Երևանի պետական կամերային նվագախումբը դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանը: Նարինե Զարիֆյանի խոսքով` ինքը չի վախեցել ռիսկի դիմել, քանի որ 15 տարի աշխատել է Հախվերդյանի հետ: «Իմ կոմպոզիտորական ներդրումն եմ ունեցել նաև նրա այլ հայտնի երգերը գործիքավորելիս, և այդ ստեղծագործությունները տարբեր մրցանակների են արժանացել ու ընդունվել երկրպագուների կողմից: Ռուբենն ինքն է ասում, որ երգերն ավելի գեղեցիկ, հարուստ և ամբողջական են դարձել»,-շեշտեց կոմպոզիտորը: ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը հայ դասական երաժշտության ոգով սինթեզում է փոփ, ջազ, ռոք, ֆոլկ երաժշտական ուղղությունները: Համերգին ժողովրդականություն վայելող երգահան Ռուբեն Հախվերդյանը կներկայացնի Կտակ, Հիսունից հետո, Ուղիղ ժամը 12-ին,Երևանի գիշերներում,Եթե իմանայիր և այլ սիրված երգեր:
