Թող շատ խնդրեն. կգամ...
Երևանի Խանջյան փողոցում այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված սպորտային համալիրի շենքի բացումը: Գագիկ Ծառուկյանը բացման արարողությունից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին, նա անդրադառնալով իր քաղաքականություն վերադառնալուն, նորից կրկնեց, որ դա չի բացառվում. «Ես ձեզ ասացի, որ պարոն Ծառուկյանը քաղաքականություն մտել է, որ կարողանա օգտակար լինի, ոչ թե ժողովրդի հաշվին ապրի, այլ պիտանի լինի ազգին, ժողովրդին: Եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, ուրեմն կմտնեմ, ես դրանով չեմ ապրում, բայց ուզում եմ, որ լավ լինի»: Հարցին, թե իրեն ընդդիմադիր դաշտո՞ւմ է տեսնում, պատասխանեց, որ եկել է ոչ թե անձնական շահից ելնելով, այլ ժողովրդի կողքին լինելու համար: «Ոնց որոշի իմ ժողովուրդը, ես այդպես էլ անելու եմ: Ես քաղաքականության մեջ եղել եմ, և չես տեսնի, որ հակառակ ժողովրդի եմ քվեարկել: Ինձ ժողովուրդը տվել է 500 հազար ձայն, բայց, քանի որ իմ ուզածով չեմ կարողացել ժողովրդի համար փոխեմ, ես հրաժարվել եմ, որովհետև միայն նախարար ստանալով ոչ մի բան չես կարող փոխել»,- ասաց նա: Ծառուկյանը նշեց, թե ինչու կոալիցիա չի մտել. «Տեսել եմ, որ ժողովրդի սպասելիքը չեմ կարող արդարացնել, և ասել եմ, որ ժողովրդին հուսախաբ չեմ կարող անել»: Հարցին, թե հիմա իշխանափոխություն կլինի՞, Ծառուկյանը պատասխանեց. «Իշխանափոխություն կլինի, թե ինչ կլինի հիմա, չեմ կարող ասել, որոշելիքը ժողովրդինն է: Ժողովուրդն իր ձայնը կտա նրան, ումից պահանջում է, եթե տալիս ես 20 տոկոս, այդքանով ո՞նց է ժողովրդի սպասելիքն արդարացնում»:
