Տիգրան Սարգսյանը Հայաստանի տնտեսությունը սարքեց «Անիի ավերակները».Բագրատյան
2017 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դիմեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին. «Բյուջեի ուղերձում ունենք նման նախադասություն՝ 2017 թվականի տնտեսական աճը արագացող կլինի՝ պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով, այնպես էլ նրանով, որ 2016 թվականին իրականացվել է խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն: Չեմ կարողանում հասկանալ՝ 2017 թվականին դուք ոչինչ չեք անելո՞ւ: Աստված մի արասցե, որ այս բյուջեն կատարվի: Եթե սա կատարվի էլ, նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»: «Այս տարի լրանում է ՀՀԿ-ի կառավարման 10-ամյա ժամկետը, իսկ տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30%: Այնինչ, եթե 7 %-անոց աճի խոստումը պահպանվեր, ապա ստացվելու էր 91%: Նույն խոստումը տվել էր Սերժ Սարգսյանը: Հիմա ես ուզում եմ ասել` ինձ թվում է՝ էս տնտեսագիտական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրն էսօր դուք եք, դո՛ւք, փոխվարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարությունը: Ա՛յ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը: Բերում եք, ասում եք՝ վերականգնողական, հարկաբյուջետային, բա դուք ինչի՞ համար եք: Հարց եմ տալիս՝ դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար ենք աշխատավարձ վճարում»,- ասաց Բագրատյանը: Հրանտ Բագրատյանը նաև հայտնեց ,որ նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն «Անիի ավերակներ» սարքեց տնտեսությունն ու գնաց, Հովիկ Աբրահամյանի ժամանակ տնտեսական աճը թեպետ ավելացել էր, բայց խոստացածից քիչ էր: Հ. Բագրատյանը բացատրություն պահանջեց կառավարության ներկայացուցիչներից, թե ի՞նչ է արվել ներդրումներ ներգրավելու համար: Նրա բնորոշմամբ` կառավարության գործելաոճն ու հայտարարություններն արդեն 10 տարի առանց բռնակի ճամպրուկ են հիշեցնում. «Առանց բռնակի ճամպրուկ բռնած կա՞ք: Ավելի լավ է՝ շորերը ձեռքով բռնեք, գնաք»:
