Ստեփան Մնացականյանի պատասխանը Հրանտ Բագրատյանին
«Մարդիկ իրենց դռների վրա կողպեք են դնում ոչ թե այն բանի համար, որ բոլորը գող են, այլ որովհետև մարդկանց մեջ կարող են այդպիսիք լինել: Մենք չենք կարող բոլոր ռեսպոնդենտներին դնել կասկածի տակ»,- ասաց խորհրդարանում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը: «Եթե ինքը պնդում է, որ բոլոր ցուցանիշները սուտ են՝ դա իր խնդիրն է»,-հայտարարեց Ստեփան Մնացականյանը` հակադարձելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեղադրանքներին, որ ԱՎԾ-ն ուռճացնում է ցուցանիշները, և Մնացականյանին է պատկանում այդ «ստի մոնոպոլիան»: ԱՎԾ պետը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ և հիշեցրեց «Եվրանեսթի» նիստից հետո Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, որ Եվրոպական կողմի ընդարձակ զեկույցում առկա թվերը 6 անգամ տարբերվում են հայկական թվերից: «Կասկածներ կան, որ ռեսպոնդենտների կողմից անցած տարի խաղողի մթերման ավելի մեծ ցուցանիշ է ներկայացվել, քան այս տարի: Երբ որ ռեսպոնդենտը փոփոխություն է կատարում, այդ փոփոխությունն անպայման վիճակագրական ծառայությունն ընդունում է: Սակայն, երբ որ օրինական ուժի մեջ մտած դատարանի վերջնական դատավճիռ կլինի, որտեղ նշված կլինի, որ անցած տարի մթերումներն ավելի բարձր են եղել, եւ դրա հետեւանքով կասկածի տակ կառնվի խաղողի արտադրությունը, որի ռեսպոնդենտը համայնքապետերն են, եւ կկատարվեն ճշգրտումներ, մենք այդ ճշգրտումները կընդունենք»,- բացատրեց Ստեփան Մնացականյանը:
