Պատասխան Հրանտ Բագրատյանին
Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մանցականյանը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատասխանեց Հրանտ Բագրատյանին, ով իրեն սուտասան էր անվանել:Նա երկար բացատրություն ներկայացրեց վիճակագրական մեթոդաբանության վերաբերյալ: «Մարդիկ իրենց դռների վրա կողպեք են դնում ոչ թե այն բանի համար, որ բոլորը գող են, այլ որովհետև մարդկանց մեջ կարող են այդպիսիք լինել: Մենք չենք կարող բոլոր ռեսպոնդենտներին դնել կասկածի տակ»,- ասաց Ստեփան Մնացականյանը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ցուցանիշների ոչ ճշգրիտ լինելուն, նա նշեց, որ բոլոր ցուցանիշները միջազգային վիճակագրական ստանդարտներով են ենթարկվում ստուգաճշտման: Ստուգումն իրականացվում է Արժույթի միջազգային հիմանադրամի կողմից:«Վերջին հայտարարությունը վերաբերում էր խաղողի մթերմանը: Կասկածներ կան, որ ռեսպոնդենտների կողմից անցած տարի խաղողի մթերման ավելի մեծ ցուցանիշ է ներկայացվել, քան այս տարի: Դրա վերաբերյալ պատասխանը հետևյալն է՝ երբ ռեսպոնդենտը փոփոխություն է կատարում, այդ փոփոխությունն անպայման վիճակագրական ծառայությունն ընդունում է: Սակայն, երբ օրինական ուժի մեջ մտած դատարանի վերջնական դատավաճիռ կլինի, որտեղ նշված կլինի, որ անցած տարի մթերումներն ավելի բարձր են եղել, և դրա հետևանքով կասկածի տակ կառնվի խաղողի արտադրությունը, որի ռեսպոնդենտը համայնքապետերն են, և կկատարվեն ճշգրտումներ, մենք այդ ճշգրտումները կընդունենք», ասաց Ստեփան Մնացականյանը:
