Երևանում բախվել են ջերմոքարշն ու Volkswagen-ը.կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ նորակառույց կամրջի տակ, երկաթգծի վրա, թիվ 10 պահակակետի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Պետրոսյանի վարած Volkswagen մակնիշի 34 PR 598 համարանիշի ավտոմեքենան և Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Աշոտ Ղալեչյանի վարած ՉՄԵ-3 մակնիշի 6250 համարի շոգեքարշ-ջերմոքարշը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին, իսկ նրա ուղևորուհին՝ Արտաշատի խճուղու բնակիչ, 44-ամյա Սուսաննա Զոհրաբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառ է նաև այն, որ նշված հատվածում շինարարական կազմակերպությունը ոչ մի ցուցանակներ չի տեղադրել և այն չունի արտաքին լուսավորում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
