Անճանաչելին ճանաչելու ևս մի փորձ

Բանասիրության դոկտոր Մարգարիտ Խաչատրյանի գրախոսականը Կարինե Ռաֆայելյանի ,,Ժամանակի նոր չափումներում,, գրքի մասին   Տարիներ առաջ հետաքրքիր քննություն հանձնեցի ինքս ինձ, երբ տեսա, թե Կարինե Խոդիկյանը ի¯նչ հուզմունքով ու ապրումներն արտահայտող դեմքի րոպե առ րոպե փոխվող ինչպիսի¯ արտահայտությամբ էր կարդում իր դրամատուրգիային նվիրված ծավալուն հոդվածս, որ վերնագրել էի ,,Տառապանքով իմաստնացած կնոջ աշխարհը,,… Հետո հնչեց գրողի ,,մեղադրանք-եզրակացությունը,,. ,,Էսքան բան իմ մասին որտեղի՞ց գիտես… Ավելի լավ է զբաղվես դասական հեղինակներով. նրանք իրենց էությունն այսպես անխնա ու խորքից ներկայացնելուդ համար դժգոհություն չեն կարող արտահայտել…,, Չգիտեի՝ ուրախանա՞մ, որ զարմացրել եմ գրողին, թե՞ հետևեմ խորհրդին ու ձեռք քաշեմ արդի գրականության հարցերով զբաղվելուց: Գիտական աշխատանքն ու ընտանեկան հանգամանքները չթողեցին, որ վերջին տարիներին զբաղվեմ մեր օրերի գրականությամբ (փակագծում նշեմ՝ բացի Հրանտ և Հրաչյա Մաթևոսյաններից ու Հովիկ Վարդումյանից), մանավանդ որ հաճախ գիրքը  ձեռքս վերցնելուց ու երկար տառապելուց հետո պարզապես մի կողմ եմ դնում ու ինքս ինձ համոզում դուրս չգալ Դերենիկ Դեմիրճյանի, Համաստեղի, Արամ Հայկազի, Հակոբ Խաշմանյանի, Բենիամին Նուրիկյանի, Սիմոն Սիմոնյանի գրական դաշտից. աչքից հեռու, սրտից (այս դեպքում՝ մտքից) դուրս,– ասում է իմաստուն ժողովուրդը: Կարինե Ռաֆայելյանի ,,Ժամանակի նոր չափումներում,, գրքույկը ձեռքիս մեջ բացվեց վերջին հատվածից. Կարինեի մոր՝ տիկին Սիրանուշի լուսանկարն ու գրքույկի գլխադիր հուշ-նամակը կլանեցին ուշադրությունս… ԳԱԹ-ում ձեռագրեր պիտի կարդայի ու չկարողացա ավարտել: Օրեր անց գրքույկը կարդացի անկանոն հերթականությամբ ու հասկացա՝ պատրաստ եմ լսել հեղինակի անգամ հանդիմանական խոսքը, եթե հաջողվի ներթափանցել նրա գրական աշխարհի խորքերը: Փորձեմ: Հանդիմանությունը՝ հետո… եթե արդարացնեմ հույսերս: Հավանաբար չեմ սխալվի, եթե ասեմ՝ Կարինե Ռաֆայելյանի ,,Ժամանակի նոր չափումներումի,, ընթերցողներից ամենից լավ եմ հասկանում հեղինակին, որին ճանաչում եմ անցյալ հազարամյակից, առավել քան լավ եմ պատկերացնում գրքույկը հրատարակելու ներքին պարտադրանքն ու ինքնահաղթահարման դժվարությունները՝ ստացած ,,դաստիարակության ու չդաստիարակության տիրույթներում,, հասկանալու և չլռելու՝ տարիների սովորույթից մինչև ,,բոլոր կիսատ թողած լռությունները,, լռությամբ շարունակելու կամավոր հանձնառությունը՝ հակառակ նրա, որ ընթերցողը լավ է հիշում նրա ինքնախոստովանությունը. ,,… ես երկար լռողներից չեմ,,: Կյանքի պարտադրած նոր պայմաններում շատ բան է փոխվել, բայց նույնն են սիրո օրենքով թելադրված կանոնները, որոնցով մի ամբողջ կյանք ապրելուց հետո դժվար է, գրեթե անհնար է փոխել ինչ-որ բան. սա միայն հիշողության պարտադրանք չէ, սա նաև ինքնաճանաչման նոր մակարդակ է կյանքի ու ապագայի տեսլականի նոր չափումներում: Այս նոր չափումներում ,,վերջերս իրեն ձեռնարկատեր հռչակած բանաստեղծը,,, ,,անվերապահ գերազանցության գիտակցմամբ,, իր ,,թագավորությունը,, իբր թե կառավարող ոստիկանը կողք կողքի ապրում են ,,խոհեմ, …արտաքին կոկետությունների չտրվող,,, ,,կենցաղի ճնշող պարտադրանքը,, հաղթահարել փորձող, ,,ընդհանուր դրամապանակի,, մշտական դատարկությունը աշխատավարձին սպասելու կասկածելի ,,հաճույքով,, փոխհատուցելու անզոր ճիգեր անող, հանապազօրյա հաց վաստակելու համար ամեն օր կրկնվող նվաստացումներ հանդուրժող կանանց կողքին, որոնց ներկայությունը չի թեթևացնում ապրելու բեռը, մանավանդ որ Կարինեի հերոսուհիների սիրավեպերը արտառոց են, քանի որ վերամարմնավորման տեսության կանոններով լրիվ արդարացվում է ,,Տղամարդն ու շունը մեկ են,, վճռակը, և ամուսնության, ավելի ճիշտ՝ համագիշերումի ու մի քիչ էլ ամուսնալուծության պատճառ կարող են դառնալ անգամ… մկները: Անկախ սեռից, հասարակական դիրքից՝ այդ հերոսները վաղուց ,,բուժվել են,, ,,մարդավայել ընդմիջում անելու բուրժուական ախտից, որն այքան խորությամբ արմատացած էր մարդկանց մեջ խորհրդային ժամանակներում,,: Իսկ մեր օրերում կատարվող  շատ բաներ ունեն մի բացատրություն՝ ,,Երևի գիժ է,,, և ,,դա ամենաջերմ ու անչար արտահայտությունն է,,, որով կարող ենք բնութագրել գրքույկի հերոսներին, եթե հեղինակի թույլտվությամբ՝ օգտագործենք հենց իր ձևակերպումը: Այս պայմաններում ,,համակ սեր ու բանաստեղծություն,, շնչող տղամարդը դառնում է ,,անհաջող ընտրության,, զոհ, ու հերոսուհին շարունակում է որոնել ,,հաջորդ մեկ ուրիշին,,, ոստիկանը ,,նախրապանի ճարպկությամբ,, դեսուդեն է քշում մարդկանց՝ երբեք չմոռանալով սեփական գրպանը: Այս դաշտում անպակաս են ամեն ինչին ,,հոգեբույժի հետաքրքրությամբ,, և շատ լուրջ վերաբերվող հարևանները: Մեր օրերի անտրամաբանական տրամաբանությամբ թեթևսոլիկ կատվի ,,համառորեն շարունակվող գգվանքներին,, հետևող շունը դուրս է գալիս հավասարակշռությունից, ու գործն ավարտվում է լկստված փիսիկի մահով: Ճիշտ է, ,,Մի կաթիլ մեղրի,, ժամանակներն անդառնալիորեն անցել,, են, բայց դժվար է համաձայնել հեղինակի եզրակացությանը, թե ,,…կատուներն այս աշխարհում ստեղծված են հատկապես շների՛ կողմից բզկտվելու համար,,: Փափուկ բազմոցների ու բարձերի վրա ապրող (այո՛, ապրող և ոչ թե շատ մարդկանց պես՝ գոյատևող) շները, միշտ չէ, որ չեն շեղվում  իրենց ,,ցեղին բնորոշ արժանապատիվ, ծանրաբարո կեցվածից,,: Այս ամենը մեր ամենօրյա կյանքի չափումներից են՝ բոլորիս ծանոթ, բոլորիս հոգնեցրած, բայց, փա¯ռք Աստծո, կան ու անբեկանելի են հոգևոր օրենքները, որոնք կապում են սերունդներ, ժամանակներ ու ենթարկվում են ուրիշ չափումների… Մորս կորուստից հետո գրեթե բոլոր ընկերուհիներիս մայրիկներին մի տեսակ ,,սեփականաշնորհեցի,,՝ անկախ նրանց տարիքից ու մեր հանդիպումների հաճախականությունից. փա¯ռք Աստծո, կա հեռախոս, կան ներքին զգացողություններ, որոնք դժվար է բառերով արտահայտել (հավանաբար՝ պետք էլ չէ): Տիկին Սիրանուշն իմ հեռախոսային զրուցընկերուհիներից էր, որի հետ երբեմն-երբեմն ,,լվանում էի,, Կարինեի ոսկորները, և որի առողջության համար աղոթում էի ուխտավոր ընկերուհիներիս հետ: Տիկին Սիրանուշին կարելի էր անասելի ուրախություն պատճառել Երուսաղեմից բերած մոմով կամ խունկով. օրեր շարունակ հիշում էի նրա ձայնի լացախառն հուզմունքն ու ներքին ջերմությամբ տաքանում: Հետո եկավ նրա համար հոգեհանգստյան կարգ կատարելու հերթը... Արդեն երկար օրեր ու ամիսներ, որ տարի են դարձել, ապրում եմ այլ աշխարհում՝ փորձելով հորս կորստի դառնությունը խեղդել ամենօրյա վազքի ու հանապարզօրյա հաց վաստակելու հոգսերի մեջ: Ցավն ավելի դաժան է, քանի որ ընկերուհիներիցս շատերը, որոնք հորս հետ կապված էին հոգու ամենանուրբ կապերով (իրենք էլ իրենց հերթին էին ,,սեփականաշնորհել,, ծնողներիս…), ինձնից պակաս ծանր չորբացան… Գիտեմ՝ հասուն տարիքում ավելի դաժան ենք որբանում: Բայց գիտեմ նաև, որ հասուն տարիքում գիտենք մեր սիրելիների հիշատակը հարգելու ձևերն ու միջոցները, որոնցից ամենաինքնատիպը նրանց հիշատակին նվիրված գրքերն են, ինչպես օրինակ՝ ,,Արամ Հայկազ. Մոռացված էջեր,, շարքի Է հատորը կամ այսօր քննարկվող գրքույկը… Ինչևէ: Գիրք-հուշաքարը կա, և այսօր բարեբախտ առիթ ունեմ խոսելու տիկին Սիրանուշի դստեր հոգու կորովի ու երախտագետ հիշողության մասին՝ մեր օրերում քիչ պատահող զուգորդում, որի վրա խարսխված է պատերազմներից ու ,,զարգացումից,, ցնորված այս աշխարհը, և որից ծնվում է Կարինեի՝ անսպասելի զոհվելու ներքին վախն ու անմիջապես փոխվում մեծատառով գրվող Հույսի: Անպատասխան նամակների (որպես օրենք՝ դրանց հասցեատերերը մեր այն հարազատներն են, որոնց մեր երկրում կամ կամ մյուսների հայրենիքներում կլանել են օտարն ու օտարությունը) ու ,,կիսատ թողած լռությունների,, արանքում հոսում է կյանքը: Այդ կյանքից պատառիկներ են գրքույկի 1-8-րդ գործերը, որոնց ժանրը դժվարանում եմ բնորոշել՝ պատմվա՞ծք, նովե՞լ, հուշ-պատկե՞ր, անմոռաց պահե՞ր, թե՞ պարզապես գրչի խաղեր (քիչ էր մնում գրեի՝ հանաքներ): Կարինեին քիչ թե շատ ճանաչողները լավ գիտեն նրա հեգնախառն լրջության ու լրջալուրջ հումորի մասին. գոնե ես միշտ այդպես եմ ընկալում նրա խոցելի սիրառատությունն աշխարհի ու մարդկանց, մասնավորապես՝ իմ ու իմ գործի նկատմամբ: Ամփոփեմ: Սեփական փորձով լավ գիտեմ՝ ինչքա¯ն դժվար է ստեղծագործելը, երբ բանասիրական կրթությունդ ստիպում է քննադատի աչքերով կարդալ… անգամ դեռ  չգրածդ տողերը: Կարինեն ունի ներքին հարգանք բառի նկատմամբ ու չի խաղում բառերով, դիպուկ ու տեղին է գործածում բառը, զգացական ու իմացական բացարձակ անկեղծության իր կանոններով ստեղծում է պատկերներ, անմահացնում շատերիս ծանոթ պահեր, որ ներկայացված են անսովոր տեսանկյունից, նկարագրում է մեր ամենօրյա հևքը՝ մի տեսակ բարեմիտ անհոգությամբ ու չկոտրվելու, չհանձնվելու՝ առաջին հայացքից աննկատ վճռականությամբ: ,,Երևի այսպես էլ կարելի է ապրել,,,– կարծես երկմտում է նա՝ մի քիչ օտարվելով սեփական կենսափորձից, որ ընթերցողին ներկայացվածն իր ես-ի գույներով ներկելու հնարավորություն տա: Այնինչ ինքն իր համար վճռել է՝ հենց այսպես կարելի է ու պետք է ապրել՝ հանուն այն ամեն բացառիկ լավի, որ եղել է ու դեռ լինելու է մեր կյանքում: Տա¯ Աստված: Մարգարիտ Խաչատրյան    

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am