Շառլ Ազնավուրի հարցազրույցը Թուրքիայում կրքեր է բորբոքել
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ France-Presse գործակալությանը տված հարցազրույցը, որը հրապարակվել էր Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ Ազնավուրի աստղի բացման արարողության առիթով: Թուրքական diken.com.tr կայքը, անդրադառնալով ֆրանսահայ գերաստղի հարցազրույցին, մեջբերել է Ազնավուրի այն տողերը, որտեղ շանսոնյեն հայտարարել է, որ «Թուրքիան, ցեղասպանություն իրագործելով, շատ բան է կորցրել, այդ թվում՝ մշակութային առումով»: «Թուրքիան շատ բան կորցրեց: Անգամ մի համաշխարհային մեծության երգիչ չունեն: Ես կարող էի, օրինակ, Թուրքիայում երգիչ լինել: Սակայն այսօր ես ֆրանսիացի երգիչ եմ: Սա էլ ցույց է տալիս, որ ցեղասպանությունն իր նպատակին չի հասել»,- ասել էր շանսոնյեն: Թուրքական կայքը, սովորության համաձայն, չակերտների մեջ է գրել ցեղասպանություն բառը:
