Հոկտեմբերի 27. կտոր-կտոր անել ահաբեկիչներին. սա է Անդրանիկ Մանուկյանի դատավճիռը

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 30-ի համարում Հոկտեմբերի 27-ի գործով դատական վիճաբանությունների փուլն ավելի ճիշտ կլիներ անվանել դատական «ռազբիրատների» փուլ: Ընդ որում, «ռազբիրատ» են անում ոչ միայն դահլիճում, այլեւ ընդմիջումների ժամանակ միջանցքում, որտեղ ճառ ասողները դատավարության մասնակիցները՝ տուժողները, մեղադրողները, պաշտպանները չեն, այլ շարքային քաղաքացիները, որոնք դժվարությամբ են զսպում մեղադրողներին, դատարանին, պետականամետ լրատվամիջոցներին ուղղված իրենց զայրույթը եւ նրանց հետ վիճում են՝ բառիս բուն իմաստով: Ինչ վերաբերում է տուժողների եզրափակիչ ճառերին, ապա դրանք էմոցիոնալ են ու իրավական առումով անգրագետ. հաճախ բանից բեխաբար ու ապակողմնորոշված մարդկանց խոսք են հիշեցնում: Նշենք, որ երեկ 91 տուժողներից դատարան էին ներկայացել ընդամենը 4-ը: Որքան էլ զարմանալի էր՝ այն ընդդիմությունը, որին իշխանությունն անընդհատ մեղադրում է դատավարությունը քաղաքականացնելու, շահարկելու մեջ, հրաժարվել էր դատական ամբիոնից, բազմաթիվ լրագրողների ներկայությամբ իր ասելիքը ներկայացնելու պատեհ առիթից: Այլ կերպ ասած՝ հրաժարվել էր շահարկելուց: Սակայն միեւնույն է՝ իշխանությունների խոսնակները, որոնք ներկայացել էին դատարան, նրանց կրկին մեղադրեցին շահարկումների մեջ: Առավոտյան դատարան էր եկել ՀԺԿ-ական Արամայիս Բարսեղյանը: Նա չնայած դժգոհեց, որ դատարանն իրեն չի ծանուցել եւ իրեն ժամանակ է պետք պատրաստվելու համար, սակայն, այնուամենայնիվ, խոսեց: Տուժողը, չգիտես ինչու, սկսեց խոսել ֆաշիստական Գերմանիայի մասին, հիշեց, որ նրան ներվել են իր արածները, քանի որ նա իր վրա վերցրեց կատարվածի պատասխանատվությունը, իսկ հայերի ցեղասպանությունը չներվեց Օսմանյան Թուրքիային, քանի որ վերջինս հրաժարվեց պատասխանատվությունը վերցնելուց: Նա փորձում էր ասել, որ ազգի, պետության դեմ կատարված հանցագործությունները եթե չեն բացահայտվում, ապա ողջ ժողովուրդը դառնում է պահանջատեր: Ա. Բարսեղյանն ասաց նաեւ, որ բավարարված չէ դատավարության ընթացքից, որ դատարանը խոչընդոտել է գործի հանգամանքների բացահայտմանը, ինքը համամիտ է մեղադրողի հետ միայն մի հարցում՝ ցմահ ազատազրկման: Բավական ցաքուցրիվ խոսքից նկատելի էր, որ իսկապես տուժողը պատրաստ չէ վիճաբանել: Ի դեպ, նրա խոսքը դատավորի կողմից անընդհատ ընդհատվում էր, մինչդեռ հետագա խոսողներին, անգամ եթե շատ անթույլատրելի մտքեր էին հնչում, դատավորը չէր ընդհատում: «Վայ, Անդրանիկ ջան» Հաջորդը կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն էր: Նրա խոսքը պարզապես ցնցեց ներկաներին: Նրան լսելուց հետո կասկած եւ մտահոգություն առաջացավ, թե նման հոգեվիճակում գտնվող մարդուն ինչպե՞ս կարելի է նախարարական աթոռ եւ համակարգի կառավարում վստահել: Խոսելիս նա պարբերաբար գոռում էր, նույն մտքերը կրկնում 2-3-4 անգամ, պնդում էր մի բան, ապա ժխտում իր ասածը: Եվ անընդհատ հայտարարում էր, որ այժմ կապի նախարարը չի խոսում, այլ հոկտեմբերի 27-ին վիրավորված անձը: Խոսքը սկսեց նրանով, որ ինքը 10 օր մահացած է եղել եւ միայն Աստծո կամքով է ողջ մնացել, որ գա եւ ասի ճշմարտությունը (եռամյա դատավարության ընթացքում սա նրա երկրորդ այցն է դատարան): Իսկ ճշմարտությունն այն է, որ չի կարելի մեր «ժողովրդի վիշտն ու ամոթը վերածել կատակերգության»: «Ես շատ կարդացած մարդ եմ, գիտեմ, որ մեր պատմության մեջ միշտ նման տականքներ են եղել եւ այն, որ 14-րդ դարից սկսած մենք պետություն չունենք, նման տականքների ձեռքի գործն է»,- իր գիտելիքները ցուցադրեց տուժողը: Այս «տականքների» դատավճիռն, ըստ Անդրանիկ Մանուկյանի, կարող էին հոկտեմբերի 27-ից հետո 1-2-3, շատ-շատ՝ 6 ամսում արձակել, այն ժամանակ մեր պետությունը ԵԽ-ի առաջ դեռ պարտավորություններ չէր ստանձնել, եւ կարելի էր նրանց գնդակահարել, թեեւ ինքն այն կարծիքին է, որ նրանց պետք է կախեին Հանրապետության հրապարակում եւ, օրական 100-ական գրամ միս պոկելով, գցեին շներին, սակայն դատը ձգվեց 3 տարի, եւ այս տականքներն այժմ հրաժարվում են Վազգենի, Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների սպանությունից: Եվ այդ ամենի մեղքը «օլեգ յունոշեւների» վրա է, որոնք փող աշխատելու համար անհիմն միջնորդություններով այնքան ձգեցին դատավարությունը, որ հասան այն բանին, որ սրանք մահապատժից փրկվեցին: Ճառի ուղիղ կեսը նվիրված էր ռուս փաստաբանին, որը երեկ դատարանի դահլիճից բացակայում էր: Աշոտ Սարգսյանը, Ռուբեն Սահակյանը, ըստ կապի նախարարի, չդիմացան՝ տեսան, որ քաղաքական խաղեր են գնում՝ թողեցին-հեռացան դատավարությունից: Դատավորը հուշիկ ձայնով ուղղեց, թե՝ Ռուբեն Սահակյանը չի հեռացել, այսօր էլ մասնակցում է պրոցեսին: «Ես չեմ թողնի, որ իմ թափած արյունը քաղաքականացվի»,- հայտարարեց Ա.Մանուկյանը,- սա այն դատը չէ, որ պետք է օգտագործվի իշխանափոխության համար, միտինգ եք անում, ինչ զիբիլ եք անում, քաղաքացիական պատերազմ եք անում, գնացեք արեք», բայց՝ դատը մի քաղաքականացրեք: Ապա դառնալով մեղադրողներին ու դատավորին՝ սկսեց գոռալ նրանց վրա. «Կայացրեք վճիռը, որ մարդիկ հանգստանան, որ մարդկանց միջից անտարբերությունը վերանա», մի թողեք, որ «յունոշեւները» սեւեռվեն մեկի վրա (նկատի ունի Ռ.Քոչարյանին): Ապա պատմեց, որ 27-ից հետո իրեն փողոցում մարդիկ էին մոտենում, լացում էին, ասում էին. «Վայ, Անդրանիկ ջան»: Ասաց, որ իրենց տուն լիքը մարդ էր գալիս, հիմա ոչ ոք չի մոտենում, ոչ ոք իր տուն չի գալիս, ոչ ոք իր վրա ուշադրություն չի դարձնում: Ու դառնալով դատարանին՝ հարցրեց. «Ինչի՞ սենց արեցիք»: Սակայն ելույթի ամենացնցող մասը սպառնալիքն էր: «Ես իմ դատավճիռը կայացրել եմ ու իրականացնելու եմ՝ դուք էս հողի վրա տեղ չունեք, ձեր լեշը էս հողը չպիտի ընդունի»,- ասաց Մանուկյանն ու իր դիմաց դրված բաժակի ջուրը շպրտեց Նաիրի Հունանյանի կողմը: «Ես կիրթ կին եմ» Պակաս թատերական չէր նաեւ Հերմինե Նաղդալյանի ելույթը: Նա դատարանին մեղադրեց գործը մանրամասն քննելու՝ անգամ արնաշաղախ շորերը զննելու մեջ եւ հայտարարեց, որ իրեն պետք չի իմանալ, թե ով էր իր վրա կրակելու հրահանգ տվողը. «Ես կիրթ կին եմ, գրագետ, պետական պաշտոնյա եւ ատամներս սեղմած սպասել եմ, որ դատավճիռ կայացվի»: Բայց ինքը հասարակությանն ուղղված ասելիք ունի եւ դրա համար է եկել դատարան: «Այս դատավարությանը չի կարելի քաղաքական երանգ տալ, մի քաղաքականացրեք դատավարությունը, ձեր նպատակների համար Վազգենի արյունը, իմ արյունը մի օգտագործեք»,- անհասցե դիմելով՝ կոչ արեց նա: Ապա, հավանաբար, «Հայլուրի» ռեպորտաժներից ստացած տեղեկատվությանը հենվելով՝ խնդրեց հիմք չընդունել ամբաստանյալների ասածը, թե իրենք ԱԺ դահլիճում մարդ չեն սպանել: «Այս ամբաստանյալ կոչված ճիվաղներն են սպանել»,- նրանց մերկացրեց Հ.Նաղդալյանը, իսկ «երկրորդ պրոտեստս դատը քաղաքականացնելու դեմ է»՝ շարունակեց տուժողը: «Չեմ հավատում, որ մեր ժողովրդի ուժը չի հերիքելու սրանց շանսատակ անելուն՝ պահանջում եմ մաքսիմալ պատիժ»,- իր ճառը եզրափակելով՝ տուժողը դուրս եկավ դահլիճից եւ, որպես հիշատակ, դատարանի դիմաց լուսանկարվեց մեղադրող Ավետիսյանի հետ: Հաջորդը Արմենակ Արմենակյանի կնոջ ելույթն էր, որը մոտ օրերս Նորքի օպտիմալացված դպրոցներից մեկում հայտարարված մրցույթում, առանց մրցակցի, տնօրեն է ընտրվել: «Նայում եմ այս ճիվաղներին ու խորհում՝ ի՞նչ սատանայական ուժ ստիպեց սրանց ձեռք բարձրացնել ժողովրդի նվիրյալների վրա»,- սկսեց տուժողի իրավահաջորդը: Ապա հայտարարեց, որ իր հետ դատարան է բերել Արմենակյանի՝ վշտից մի բուռ դարձած մոր ցասումն ու անեծքը: Եվ կատարելով իր առջեւ դրված միակ խնդիրը՝ հայտարարեց. «Արմենակ Արմենակյանին սպանել են հենց իրենք՝ թիկունքից խփելով»: Եւ դատարանից պահանջեց հիմք չընդունել նրանց հրաժարողական ցուցմունքներն ու առավելագույն պատժի արժանացնել՝ ընդհուպ մինչեւ մահ: «Թուրքը փառք է ձեզ մոտ, նզովվեք դուք»,- հայտարարեց Ա.Արմենակյանը եւ նստեց: Միակ հավասարակշիռ ելույթը, որ երեկ հնչեց դատարանում՝ Գրիգոր Հարությունյանի ելույթն էր: Նա ռադիոյով լսել էր Անդրանիկ Մանուկյանի խոսքը եւ շտապել դատարան: Նա նշեց, որ 27-ի հետ կապված շատ հարցականներ են մնացել, եւ դատարանը, որ կոչված էր տալ դրանց պատասխանները, չարեց դա՝ մասնավորապես չպարզեց, թե ով է սպանել Արմենակյանին: Այդ պատասխաններից է կախված մեր ազգի ապագան՝ ասաց Գ.Հարությունյանը: Նա հերքեց այն մեղադրանքը, թե իրենք շահարկել եւ օգտագործել են 27-ը եւ ասաց. «27-ը օգտագործեցին եւ եկան իշխանության, ու պետք չէ ուրիշներին իրենց արշինով չափել»: Ապա Գ.Հարությունյանը, դիմելով ահաբեկիչներին, ասաց ամենակարեւորը. «Ձեր կյանքը կախված է ձեզնից. եթե այդ հարցերի պատասխանները դատարանում չտրվեն, ձեր անվտանգությունն ապահովված չի կարող լինել»: Այսօր ճառերը կշարունակվեն:  

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Երեք կետ մնացել է չլուծված Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am