Հայկ Խանումյան. Բակո Սահակյանը մինչեւ 2030թ. պաշտոնավարելու տեսական հնարավորություն կունենա ու կփորձի դա օգտագործել
ԼՂՀ քաղաքական շրջանակներում մտահոգություն կա, որ Բակո Սահակյանն իր պաշտոնավարման ավարտից հետո եւս երեք տարի կնախագահի, այնուհետեւ 2020 թ. իրավունք կունենա կրկին առաջադրել իր թեկնածությունը: Ճիշտ է, թե՛ գործող, թե՛ ապագա Սահմանադրությունը թույլ չի տալիս երեք անգամ անընդմեջ առաջադրվել այդ պաշտոնին, բայց արդեն այս երկարաձգման գործընթացն այդ հարցը կլուծի: ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը գտնում է, որ այդպիսով Բ. Սահակյանը մինչեւ 2030թ. պաշտոնավարելու տեսական հնարավորություն կունենա ու կփորձի դա օգտագործել: «Քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ են եղել, որին նաեւ ես եմ ներկա եղել, այդ հարցը տրվել է իրեն, ու ինքն էլ չի հերքել: Ասում է, որ դրա մասին դեռ վաղ է խոսելը, բայց պարզ է, թե ինչու է վաղ՝ չեն ցանկանում, որ հասարակությունը նախապես իմանա այդ մասին: Բայց հստակ է, որ նման ցանկություն կա եւ վաղուց կա, եւ նրա այդ ցանկության համար լոբբինգ է արվում: Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այստեղ նման մտահոգություններ կան: Եվ ես կարող եմ ավելացնել, որ այդ փոփոխությունը կատարվում է մեկ անձի իշխանության համար»,- ասաց Հայկ Խանումյանը: Վերջինիս կարծիքով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն կարող է տեղի ունենալ 2017թ. հունվար-փետրվար ամիսներին: Նրա խոսքերով, Արցախում դեռ որեւէ ընդվզում չկա իշխանությունների այդ մտադրությունների դեմ նախ այն պատճառով, որ ժողովուրդը քիչ է տեղեկացված: Բացի այդ, ԼՂՀ-ում դեռ քաղաքացիական հասարակությունն ակտիվ չէ, որ խնդիրները վեր հանի ու ժողովրդին պայքարի մղի: Այնուամենայնիվ, լրագրողների եւ տարբեր մասնագետների կողմից այդ գործընթացների դեմ պայքար սկսելու նպատակով խումբ ձեւավորելու մասին հայտարարություն է եղել: Ամենայն հավանականությամբ, իշխանությունների նախաձեռնության դեմ որոշակի ընդվզում կառաջանա սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո միայն: Խանումյանը հավելում է, որ իրենց կուսակցությունը նույնպես կպայքարի այդ փոփոխությունների ու իշխանությունների մտադրությունների դեմ: «Դեմի» ակտիվ քարոզարշավ են ծավալելու, սակայն մեծ շարժում առաջացնելու համար ռեսուրսներ չունեն: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
