Դեռ պարզ չէ՝ ՀՀԿ համագումարին Ծառուկյանը կհրավիրվի, թե ոչ
Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինի մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուր։ Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ համագործակցող և մեր համակիր տեղական կուսակցություններին»,- «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ չմանրամասնելով, թե խոսքը որ կուսակցություններին է վերաբերում։ Նա հաստատել է, որ կհրավիրվի ՀՅԴ-ն։ Իսկ թե «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կամ նրանց ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը կհրավիրվեն, Թադևոսյանը դժվարացել է պատասխանել։ «Կորոշենք, դեռ որոշված չէ, այդ հարցերը չենք քննարկել։ Մեկ շաբաթից պարզ կլինեն մանրամասները»,- եզրափակել է նա։
