Հին Երևանը վերացվում է արդեն ուղղակի պայթեցման միջոցով, ինչպես ահաբեկիչներն են անում. Մարկ Գրիգորյան
Հին Երևանի վերացման գործընթացը երեկվանից նոր կերպ ու միտում է ստացել. հիմա հին շենքերը ոչ թե քանդում ու համարակալում են, այլ ուղղակի պայթեցնում են: Սա հեռուստամեկնաբան Մարկ Գրիգորյանի արձագանքն է Երևանի ամենահին տպարանի շենքի պայթեցմանը: Ֆեյսբուքյան իր էջում լրագրողն անդրադառնալով շենքի քանդմանը՝ գրում է. «Երևանում պայթեցրել են 90 տարի առաջ կառուցած շենք: Սա, համաձայն պաշտոնական վարկածի, ահաբեկիչների ձեռքի գործը չէ, այլ՝ սեփականատիրոջ, թեպետ ահաբեկիչների մասով իրականությանը շատ ավելի մոտ է թվում: Մինչ այս հին շենքերը չէին պայթեցվում, դրանք համարակալվում էին, ինչ-որ տեղ տեղափոխվում: Ինչն ինչ-որ աղոտ հույս էր թողնում, որ դրանք երբևէ կվերականգնվեն: Մինչդեռ, արդեն երեկվանից հին Երևանի վերջին բեկորների ոչնչացումը նոր «ազդակ» է ստացել. այն ուղղակի պայթեցնում են»: Մարկ Գրիգորյանի եզրահանգումը` նախկինում սեփականատերերն ու իշխանությունները պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը թաքուն-գիշերով, գողի պես հավաքում-տանում էին, հիմա` պայթեցնում են՝ ինչպես ահաբեկիչները: Տարբեր գերատեսչությունների արձագանքից Մարկ Գրիգորյանը տպավորություն է ստացել, որ փորձում են ջրից չոր դուրս գալ, պատասխանատվության բեռն այլոց վրա գցել: Այսինքն` քաղաքապետարանը մատնացույց է անում Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ԱԻՆ-ը` ինչ-որ մեկին, Քաղաքաշինության կոմիտեից ասում են, որ չեն իմացել և այսպես շարունակ: Արդյունքում, ըստ Մարկ Գրիգորյանի, պարզվում է, որ քաղաքն անտեր է: «Ես դեռ այս մասին մանրամասն կգրեմ, բայց ցավում եմ քաղաքի համար: Նաև ցավալի է, որ սա նորանշանակ վարչապետի վարչապետության օրոք առաջին աղմկալի դեպքն է: Այն դեպքում, երբ նրա նշանակումը շատ ջերմ ու դրական ընդունվեց, և Կարեն Կարապետյանի մուտքը գնահատվեց որպես փոփոխությունների, նոր մոտեցումների նորոգման հույս»,- գրում է Մարկ Գրիգորյանը և ավելացնում. «Եվ ահա՝ նոր «մոտեցում»:
