Գնանկումը քաղաքացիների համար լավ բան է, հարկահավաքների համար՝ ոչ
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարի այն հայտարարությանը, թե 2016 թվականի բյուջեն 40 միլիարդով կթերակատարվի, և այդ թիվը մինչև տարեվերջ կհասնի 60 միլիարդի: «Մենք ունենք 3 հիմնարար ազդակներ, որոնք բերեցին այս վիճակին: Առաջինն այն է, որ մեր տնտեսական աճն այս տարի կլինի շատ ցածր, քան նախատեսված էր պետական բյուջեի նախագծով: Երկրորդը գնաճն է: Պետական բյուջեի նախագծով նախատեսված էր 4 +-1.5 տոկոս գնաճի մակարդակ: Երրորդ գործոնը մեր տրանսվերտների ավելի պակաս մակարդակն է»,- ասաց նա: Ըստ Մինասյանի` ակնհայտ գնաճի մեծ մակարդակը ուղղակիորեն բերում է ավելի մեծ քանակի հարկային եկամուտների: «Առաջին վեց ամիսների ընթացքում մենք ոչ թե գնաճ չենք ունեցել, այլ ունեցել ենք գնանկում, ակնհայտ է, որ սա պետք է բերեր մեր հարկային եկամուտների ավելի պակաս հավաքագրմանը: Մի կողմից մեր քաղաքացիների համար լավ է, որ գնաճ չկա, մյուս կողմից` գնաճի բացակայությունը բերում է այն հետևանքներին, որ հարկային եկամուտները պակասում են»,- ընդգծեց ՀՀԿ-ականը: Մինասյանը դրական համարեց այն փաստը, որ թեև ներդրումները պակասել են, արտահանումն էապես աճել է և մեր ներդրում-արտահանում ցուցանիշն էապես լավացել է:
