«Պահանջում եմ ձեր գնահատականը». Ճարտարապետը տպարանի շենքը պայթեցնելու հարցով դիմում է կառավարությանը
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղի (նախկին առաջին տպարան) շենքի պայթեցմանը, որը հանրության լայն շերտերի բացասական արձագանքն է առաջացրել։ Ճարտարապետը իր գրառման մեջ դիմել է վարչապետի օգնականներին՝ պահանջելով, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի պայթեցմանը և փրկվի շենքի դեռ մնացած մասը: Արսեն Կարապետյանի գրառման մեջ ասվում է. «Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ միջադեպ, որը մեծ բողոքի և զայրույթի ալիք բարձրացրեց: Օրը ցերեկով պայթեցվեց Երևանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել է 1920-ականներին, լավ պահպանված էր, եզակի է, այս պահին ժամանակ չունեմ նյութեր գտնելու, բայց եթե չեմ սխալվում, Թամանյանն էր սկսել նախագծումը, հետո ուրիշ ճարտարապետ էր ավարտել: Դիմում եմ ձեզ, քանի որ դուք զբաղվում եք մշակույթով, քաղաքաշինությունով, տուրիզմով, մարդու իրավունքներով, առողջապահությունով և բնապահպանությունով: Նախ, այս շենքը կարելի էր օգտագործել, վերանորոգել, ադապտացնել և այլն, բայց ոչ երբեք՝ պայթեցնել կամ քանդել: Երկրորդը, էկոլոգիայի տեսակետից, քաղաքի կենտրոնում այսպիսի բարբարոսությունը պետք է իրավական գնահատականի արժանանա: Բացի փոշուց և մնացածից, ասում են, որ նույնիսկ հարևաններին չեն զգուշացրել: Այսօրվա Երևանի քաղաքային իշխանություններին դիմելը անիմաստ է, այդ պատճառով պահանջում եմ, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի և փրկվի շենքի դեռ մնացած մասը»: Նյութի աղբյուր Elq.am
