Նախագահները կհանդիպե՞ն
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ամփոփելով նիստի ընթացքում քննարկված հարցրերը, Է. Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահաների հանդիպում տեղի չի ունենա: « Կարող եմ ասել, որ առաջիկայում նման հանդիպում նախատեսված չէ: Իսկ ապագայում հնարավոր է, թե չէ՝ կապրենք կտեսնենք»: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հայկական կողմը ԼՂ հարցում ունի իր հստակ կարծիքը, որը չի փոխվել եւ չի փոխվելու: «Մենք ունենք մեր հստակ կարծիքը, այն չի փոխվել, պետք է Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ադրբեջանը դժբախտաբար ոչ թե իրականացնում է այդ պայմանավորվածությունները, այլ՝ արհամարհում: Իրականացրեց դիվերսիոն գործողություն, երեկ մենք ունեցանք զոհ սահմանին: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն ու առաջին հերթին հարգարաժան մեր համանախագահ գործընկերները պետք է հասցեական գնահատականով հանդես գան եւ Ադրբեջանին ստիպեն հարգել իր ստանձնած պարատականությունները: Մենք ունենք հստակ դիրքորոշում՝ ԼՂՀ ժողովուրդը պետք է լինի ինքն իր դարբինը, ԼՂՀ-ն պետք է անկախ պետություն լինի եւ որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:
