Հոկտեմբերի 27-ը պատվեր էր դրսից. Մանվել Գրիգորյան
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը Եռաբվլուրում անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ասաց, որ եթե վերջինս ցանկություն ունենար քաղաքականության մեջ լինել, «դեռ այն ժամանակ կմտներ քաղաքականություն»: Հարցին՝ թե Սեյրան Օհանյանին ընդդիմության շարքում պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ, նա այսպես պատասխանեց. «Օհանյան Սեյրանը ոտի բութ մատից մինչև մազերի ծերը զինվորական է: Սահմանի վրա իր արյունը, իր միսը տվել է մեր ազգին, մեր պետությանը: Օհանյան Սեյրանը եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվել, 14-15 տարի դե յուրե իրավունք ուներ, որովհետև քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Դաժե նախարար էր, ֆորմեն հագից չէր հանում, սաղ օրը գնում էր առաջին գիծ»: Մանվել Գրիգորյանը վստահ է, որ 1999 թ-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունը դրսից պատվեր է եղել. «Սպանությունը բացահայտված է: Հայի ձեռով թշնամիների ծրագրերն իրականացվեցին: Վազգենին ֆիզիկապես սպանեցին. որպես մարդ չէին կարող սպանել»: Վերջինս նշեց, որ այս միջադեպը ձեռնտու էր թշնամուն՝ Հայաստանի անկախությանը հարված հասցնելու համար: Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ դատավարության ժամանակ հայտնի է դարձել, որ մեղադրվողները դրսում են պատրաստվել, հետևաբար մեծ է հավանականությունը, որ դա պատվեր էր հենց դրսից:
