Վարդան Օսկանյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը նույն հարթակո՞ւմ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի միավորման վերաբերյալ ՀԱԿ-ի հայտարարությանը, նշեց. ««Համախմբում» կուսակցությունը դեռ հստակ որոշում չունի՝ ինչ ձևաչափով է պատրաստվում մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Ընդհանրապես մենք քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները հեռանկարային ենք համարում, սակայն դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ կքննարկենք ու վերջնական որոշում կունենանք: Մենք ինքներս դեռևս այդպիսի հատուկ քննարկված որոշում չունենք, թե ինչ անել, ոնց անել, բայց կուսակցության ստեղծման օրվանից էլ մենք հայտարարել ենք, որ կողմ ենք այդ գաղափարին»: Մարգարյանը չհամաձայնեց շրջանառվող խոսակցությունների հետ, թե «Համախմբում»-ը ցանկանում է այլ կուսակցությունների հետ դաշինքներ կազմել, քանի որ կուսակցության ռեսուրսները փոքր են: Նրա խոսքով՝ոչ ոք իրենց ռեսուրսները չի չափել և իրենցից բացի այդ ռեսուրսների մասին որևէ մեկը չգիտի: Ստեփան Մարգարյանը չբացառեց, որ «Համախմբում»-ը կարող է համագործակցել ՀԱԿ-ի հետ և Վարդան Օսկանյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես կգան նույն հարթակում:
