Վարչապետի նոր հանձնարարականները
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների և գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարարին հանձնարարել է ստեղծել Ռազմավարական նախագծերի կենտրոն, տալ առաջարկություններ դրա կազմի, գործունեության վերաբերյալ: Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերել է տեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և Զբոսաշրջության բպետական կոմիտեին, այն է ՝ ներկայացնել համարձակ, որակապես նոր հայեցակարգ տուրիզմի զարգացման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս Գյումրիի օդանավակայանում ունենալու ենք բյուջետային ավիաընկերություն: Վարչապետը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարել է դեսպանատների հետ արտասահմանում ակտիվ աշխատանք կազմակերպել՝ ներկայացնելով բոլոր այն նախագծերն ու հետաքրքրությունները, որ ունենք տվյալ երկրում: «Վերանայել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության բոլոր ներկայացուցչությունները, տալ առաջարկություններ նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև դեսպանատների հետ քննարկել՝ ներկայացուցչությունների գործառույթները դեսպանատներ տեղափոխելու հարցը, որպեսզի ունենանք ֆինանսական միջոցների օպտիմալացում», - ասել է նա: Վարչապետը նշել է՝ մարզպետների հետ համատեղ, աշխատել յուրաքանչյուր մարզում բիզնես միջավայրի, աշխատատեղեր ստեղծելու ծրագրերի ուղղությամբ: «Ձևավորել հարթակ և հետադարձ կապ, որի միջոցով գործարար համայնքը, հասարակությունը կարող են կապ հաստատել՝ ներկայացնելով իրենց առաջարկությունները, բողոքները, ծրագրերը: Հայաստանում հավատարմագրված դեսպանների, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ նախաձեռնողական աշխատանքներ կազմակերպել՝ տեղյակ պահելով մեր ծրագրերի մասին», - ընդգծել է Կ.Կարապետյանը: Կարեն Կարապետյանը հանձնարական է տվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Բուհերի և այլ կրթական հաստատությունների հետ վերանայել ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասնագիտական հմտություններին, կիրառական հնարավորություններին, որոնք այսօր մեր հասարակությանը և մեր երկրին անհրաժեշտ են: «Հատուկ ուշադրություն դարձնել գյուղական համայնքներում կրթության խնդրին, ՏՏ ոլորտին: Մենք ունենք կառավարիչների մակարդակը որակապես փոխելու խնդիր: Եթե դա չենք փոխում, մենք նոր, լավ կյանք չենք ունենալու», - շեշտել է նա:
