«Համաձայն եմ՝ պետք է օրենքի առաջ հավասար լինեն». վարչապետ
Գյումրու պետական համալսարանի մի խումբ դասախոսներ դժգոհում են նորանշանակ ռեկտորից՝ մեղադրելով նրան կոռումպացված լինելու մեջ: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:Պատգամավորն ընթերցեց նաև դասախոսների՝ իրեն փոխանցված նամակն, ապա ասաց, թե մամուլում հրապարակումներ կան, որ պաշտոնաթող մի շարք պաշտոնյաներ չարաշահումներ են ունեցել:
Արձագանքնելով հարցին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, թե վաղը վերահսկողական ծառայությանը կհանձնարարեն ուսումնասիրել հարցը:
«Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին վերաբերող հարցին, ապա փորձելու ենք այնպես անել, որ յուրաքանչյուր մարմին զբաղվի իր գործունեությամբ: Եթե կան փաստեր, ապա տրամադրեք, թող իրավապահները զբաղվեն», - պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա հավելեց. «Համաձայն եմ, որ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն»:
