«ԾԻԳ-երից չենք հրաժարվելու». Վարդան Արամյան
ՀՀ Ֆինանսների նախարարի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ-ն ենթարկվել է արտաքին աշխարհից ներթափանցող շոկերի։ «Շոկերից մեկը դրսևորվել է միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների նվազման տեսքով, որը ազդել է մեր հանքահումքային արտադրանքի արտահանման վրա և համապատասխան ավելի քիչ դոլարային ներհոսքեր ենք ունեցել։ Երկրորդն առաջացել է ՌԴ տնտեսության նկատմամբ սանկցիաների կիրառման հետևանքով», - ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարարը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ այս տարի մոտ 300 մլրդ դրամով ՀՆԱ-ն պակաս կլինի, այսինքն` հարկերի մոտ 60 մլրդ թերակատարում կլինի: Արամյանը հայտնեց, որ հարկատուների միջոցների ծախսի արդյունավետությունը բարձրացնելու համար նախարարությունը գնալու է Ծրագրերի իրականացման գրասենյակների համախմբման. «Ֆինանսների նախարարությունն ունի 13 ԾԻԳ, 356 աշխատողներ, պահպանման ծախսերը` 25 մլրդ: ԾԻԳ-երից չենք հրաժարվելու, գնալու ենք ԾԻԳ-երի համախմբման ճանապարհով»:
