Արա Պապյանը ղարաբաղյան հակամարտության սրման ժամկետներ է նշում
Հայաստանում հաջորդ տարվա ապրիլին հետընտրական շրջանում ներքաղաքական իրավիճակի սրման դեպքում լարվածություն է հնարավոր նաեւ սահմանին: Հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Այս տարվա աշնանն ու ձմռանը նա ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններ չի կանխատեսում: «Հարձակման համար ճանապարհները, ցեխը հարմար չեն: Բայց քանի որ ապրիլին Հայաստանում ընտրություններ են նախանշված, որոնք, ամենայն հավանականությամբ, արդար չեն լինի եւ հուզումներ կառաջացնեն, ապա այո, երկրում հետընտրական լարվածության դեպքում իրադրության սրացում է հնարավոր նաեւ սահմանին»,- նշեց Պապյանը: Եվ սա, ըստ նրա, արդար ընտրություններ անցկացնելու եւս մեկ պատճառ եւ կոչ է իշխանություններին. այդպիսով նրանք ցույց կտան, որ հայրենիքի շահերն իրականում ավելի կարեւոր են սեփական կուսակցական շահերից:
