Կհաջողվի արդյո՞ք Ռուբեն Վարդանյանին ստանձնել «հայկական Իվանիշվիլու» դերը. Չուգասզյանի հարցազրույցը
ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունից հետո անցել է ավելի քան երեք ամիս: Ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը: Եթե կարճ պատասխանեմ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ հետևյալը. Քաղաքական նոր ժամանակների «ուրվական» է շրջում Հայաստանում: Սասնա Ծռերի ապստամբական գործողությամբ հետաձգվեց ազատագրված հողերի հանձնման դավադիր գործընթացը, իսկ գաղութային ադմինիստրացիայի կողմից մշակված և նոր սահմանադրությամբ պայմանավորված քաղաքական վերադասավորումների և ապրիլյան ընտրությունների ողջ պլանավորումը թռավ գրողի ծոցը: Կարեն Կարապետյանին Մոսկվայից վարչապետի պաշտոնին նստեցնելը կրեմլյան քաղտեխնոլոգների ճարահատ քայլն էր, քանի որ հուլիսյան իրադարձություններից հետո Յանուկովիչի տապալումը տեսած մոսկովյան աչքը այլևս չէր կարող վստահել իր տեղական անձեռնհաս “ադմինիստրատորի” ազնիվ խոսքին և պետք էր անմիջապես սկսել տեղական «մարզպանի» փոխարինողին պատրաստելու գործողությունը … Ի սկզբանե նոր կառավարության կազմումը ընտրություններից վեց ամիս առաջ խելամիտ քայլ չէր և ակնհայտորեն ռիսկային էր, որովհետև իր գազպրոմյան “ոսկե պաշարը” ժամանակից շուտ օգտագործելը հղի էր այն փչացնելու վտանգով, քանի որ ակնհայտ էր, որ 6 ամսվա ընթացքում հնարավոր չէր լինելու արդարացնել հանրային սպասումները, և այն ժամանակից շուտ պիտի վարկաբեկվեր: Սակայն Կրեմլում այլ կերպ որոշեցին և ինչպես վերջերս սովորաբար պատահում է, սխալվեցին… ՏԻՄ ընտրությունների հերթական բռնությունների «գեղատեսիլ» ֆոնի վրա Կարեն Կարապետյանի կառավարության նոր կազմը և ծրագիրը շատ արագ բացահայտեցին նոր փուչիկի էությունը… Մամոնտագետ ու ազգ-բանակի հղացքի անորակ գրագողությամբ զբաղվող «խիստ արհեստավարժ» նախարարները ի վիճակի են միայն խորհրդային լավագույն կանոններով ջուր ծեծելու և դեկորացիաների կոսմետիկ փոփոխություն իրականացնելու: Կ.Կարապետյանի վերջին հարցազրույցը դրա լավագույն վկայությունն է, որ բացահայտեց իր խորքային անվստահությունը, ասելիքի բացակայությունը և ուրեմն՝ անելիքի ունայնությունը: Ակնհայտ է, որ անխուսափելի տնտեսական և ռազմա-քաղաքական նոր մարտահրավերների պարագայում, իսկ այդ մարտահրավերները գնալով ավելի ու ավելի շոշափելի են դառնալու, մինչև ապրիլ այս կառավարությունը կլինի լրիվ վարկաբեկված, եթե իհարկե դիմանա մինչև այդ…Իսկ ՏԻՄ ընտրությունների անկազմակերպ ընթացքը ցույց է տալիս իշխող ռեժիմի՝ իրավիճակին չտիրապետելու նշանները: Ապրիլյան ընտրությունների ժամանակաշրջանը խոստանում է դառնալ էլ ավելի քաոսային, և հորիզոնում նորից հայտվում է քաղաքացիական անհնազանդությունը որպես իրավիճակի փոփոխության միակ լուծում … Օրերս Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ ընդարձակ հարցազրույցով, որտեղ առաջին անգամ լինելով կիսվեց հայաստանյան քաղաքական իրականության համակարգային փոփոխությունների մասին իր տեսլականով: Ի՞նչ կասեիք այս առթիվ: Հարցազրույցը լի է հակասական մտքերով, բայց այնուամենայնիվ ուշագրավ է… Կարելի է, իհարկե, չտեսնելու տալ Սասնա Ծռերի գործողությունը և նրա հետ կապված համերաշխության ժողովրդական շարժումը, որպես Հայաստանում փոփոխությունների դետոնատոր: Կարելի է մոռանալ պետական զանգվածային ահաբեկչությունը, երբ քաղաքի թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր մեծից փոքր ողջ բնակչությամբ պատերազմական թատերաբեմի պատանդի էր վերածվել: Կարելի է չհիշատակել, որ պատերազմող Հայաստանը ոստիկանական պետության է վերածված, ուր ոստիկանությունը բանակից ավելի կարևոր է, և որը լի է քաղաքական բանտարկյալներով… Եվ վերջապես կարելի է չխոսել Մարտի 1-ի և կեղծված ընտրությունների մասին … Այո, կարելի է չտեսնելու տալ այս բոլորը, եթե անտարբեր ես հայրենիքիդ ճակատագրի հանդեպ, սակայն պարզվում է, որ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն անտարբեր չէ, այլ ունի փոփոխությունների իր տեսլականը, որը ենթադրում է հասարակական կոնսեսուսի հաստատում, ազգ-բանակի ստեղծում և սփյուռքյան էլիտայի ներգաղթ… Կարելի է վստահաբար պնդել, որ վերոնշյալը չնկատելը սեփական ժողովրդի վստահությունը շահելուն հաստատապես չի նպաստում… Մյուս կողմից չեմ կարող չնշել, որ Ռուբեն Վարդանյանը անցած 25 տարիների ընթացքում ձևավորված հայ նոր վերնախավի մեջ մշտապես շահեկանորեն առանձնացել է իր նորարարական ու ստեղծագործական մոտեցումներով և բարեգործական նախագծերով: Վերջին նման գովելի նախաձեռնությունը սիրիահայությանն Հայաստան հայրենադարձելու իր ծրագիրն է, որը միայն կարելի է ողջունել: Կուզեի ընդգծել նաև «Հայաստան 2020» նախագիծը, որը հայ իրականության մեջ մնաց որպես Հայաստանի ապագայի սցենարները մշակելու եզակի փորձ, և որը փաստորեն կանխատեսեց նաև այսօրվա Հայաստանի ողբալի իրավիճակը որպես վատագույն սցենար… Սա ասելով ես չեմ ուզում ասել, որ անվերապահորեն միշտ հիացած եմ եղել իր բոլոր նախագծերով, և հատկապես դիլիջանյան դպրոցի հետ կապված զարգացումների ժամանակ ունեցել եմ իր հետ լուրջ տարաձայնություններ Հայաստանում լեզվի օրենքի հետ կապված փոփոխությունների առիթով… Վերադառնալով հարցազրույցի ուշագրավությանը պետք է ասել, որ սա Ռուբեն Վարդանյանի համար ոչ միայն անսովոր հարցազրույց է, այլև իր կենսագրության համար կարևոր ճամփաբաժան: Մինչ այժմ նա մշտապես հրաժարվում էր ներհայաստանյան քաղաքական կյանքի մասին արտահայտվելուց, բայց այն հանգամանքը, որ իրավիճակի գնահատականը տալիս նա նշում է, որ «սա մեզ համար վերջին շանս է», ենթադրել է տալիս, որ նա իրավիճակը Հայաստանում գնահատում է որպես արտակարգ, իսկ այն հանգամանքը, որ պատրաստ է իր կազմակերպչական, ինտելեկտուալ և ֆինանսական ռեսուրսները ի սպաս դնել հօգուտ փոփոխությունների, խոսում է այն բանի օգտին, որ նա պատրաստվում է ակտիվ քաղաքական դերակատարության անցնել Հայաստանում… Հարց. Այդ դերակատարությունը նա տեսնում է Կարեն Կարապետյանին ամեն կերպ սատարելու ձևով: Արդյո՞ք սրանով սահմանափակվելու է նրա մասնակցությունը: Հարցազրույցը կարդալուց հետո առաջին տպավորությունը ճիշտ Ձեր ասածի պես է, սակայն ավելի ուշադիր ընթերցանությունը ի հայտ է բերում այլ շերտեր նույնպես… Այս հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել երկրի համակարգային փոփոխությունների տեսլականի ուրվագծով, որը Կարեն Կարապետյանի կառավարության գորշագույն ծրագրի ֆոնին շահեկանորեն տարբերվում է իր թարմ ու համարձակ մոտեցումներով և ըստ էության հանդիսանում է արմատական փոփոխությունների ռուբենվարդանյանական այլընտրանքային ծրագրի ուրվագիծ: Ռ. Վարդանյանը, խոսելով նոր կառավարության մասին նշում է, որ «նրա առջև բարդ խնդիր է ծառացած. այն ստիպված է ապացուցել հասարակությանը, որ արդյունավետ է»: Ըստ նրա «խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ շատ ցավոտ փոփոխություններից սկսվող բարեփոխումները պետք է կատարվեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դրանց արդյունքները երեւալու են տարիներ անց»: Նա նաև նշում է , որ «իրավիճակը էլ ավելի է բարդանում նրանով, որ վարչապետի պաշտոնում նոր մարդու հայտնվելուց հետո նեղացած մարդկանց մեծ խումբ է ի հայտ եկել, և առջևում մենք առերեսվելու ենք մի իրավիճակի, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը»: Ռ.Վարդանյանը լինելով խելացի մարդ, նշված պնդումները անելով, փաստորեն արձանագրում է Կ. Կարապետյանի կառավարության առջև կանգնած խնդիրների ներքին հակասականությունը և ոչ իրատեսական լինելը, և՝ մինչև ապրիլյան ընտրությունները հանրային սպասումները բավարարելու անհնարինությունը … Միևնույն ժամանակ Ռ.Վարդանյանը նշում է կառավարության ծրագրի (որն ընդամենը ուղղված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը) եւ իր նշած պետական կառավարման մոդելի փոփոխության ծրագրի արմատական տարբերությունը, քանի որ առաջինը չի կարող արտացոլել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների ողջ ծավալը: Ակնհայտ է, որ Ռ.Վարդանյանի նշած խնդիրը այլ մասշտաբ ունի, և մինչև ապրիլ վարկաբեկվել հասցրած կառավարույունը այդ խնդիրը այլևս ի վիճակի չի լինելու իրագործել:
