«Լենինի եւ Քենեդու սպանության հետքերն էլ կբերեն Հայաստանի Ազգային ժողով». ՀՀԿ-ականը՝ Սամվել Ալեքսանյանի առիթով
Այսօր Աժ-ում պատգամավորներն անդրադարձան երեկ Ռուսաստանում տեղի ունեցած սպանությանը, և մասնավորապես Սամվել Ալեքսանյանի շուրջ բարձրացած աղմուկին: Հանրապետականները գիտեն, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ Մոսկվայում երկու հայերի սպանության հետքերը բերում են Հայաստանի խորհրդարան. «Թամամ խոսքը էշին են ասում»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը: Ըստ Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է ուղղակիորեն Սամվել Ալեքսանյանի մասին, որի նախկին աշխատակիցներն են եղել սպանվածները: Բայց Համլետ Հարությունյանը պարոն Ալեքսանյանից նման բան չի սպասում. «Որովհետեւ ինքը շատ հումանիստ տղա է»: Խոսելով պատգամավորի հայտարարության մասին Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրեց, որ իր խղճին է պատասխան տալու այդպիսի մեղադրանքի համար: «Դա լավ երեւույթ չէ, որ ցանկացած դեպքի առիթով ցանկանում են իրենց քաղաքական վրեժխնդրությունը լուծել իրենց գործընկերների նկատմամբ»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության ղեկավարը չի բացառում, որ եթե այսպես շարունակվի, Լենինի եւ Քենեդու սպանության հետքերն էլ կբերեն Հայաստանի Ազգային ժողով: Սամվել Ալեքսանյանը համենայդեպս գիտի ինչպես դուրս գալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքի տակից. «Ինձ թվում է հումորով եւ փիլիսոփայորեն»:
