Արագած Ախոյանը շարունակում է հիանալ
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նա նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը շատ կարևոր են. «Սա այն հարցն է, որ վերաբերում է մեր անվտանգությանը, առողջ ապրելակերպին։ Փորձել ենք էկոլոգիական կուլտուրան վերանվանել էկոլոգիական մշակույթ, սահմանումը փոխել։ Էկոլոգիական մշակույթ՝ մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ և գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը»։ Պատգամավոր Արագած Ախոյանն իր հիացմունքը հայտնեց Ռ. Մուրադյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ. «Նախ, ուզում եմ հիացմունքս հայտնել և շնորհակալություն հայտնել նման օրենքի նախագծի համար, որը պահանջված էր վաղուց, որի մասին, կարծում եմ, չկա մի մարդ, որ իր մտքում անցկացրած չի լինի այս տարիների ընթացքում։ Կուզեի իմանալ՝ ի՞նչ եղանակով է դա իրականանալու։ Կառաջարկեի, որ դա լիներ առանձին առարկա։ Հաճախ լինելով արտասահմանում, ուղղակի նախանձով ենք նայել և վերաբերվել այն մշակույթին, որ ձևավորված է զարգացած երկրներում, այո՛, այդ պահանջարկը կա»։
Ի պատասխան՝ Ռ. Մուրադյանն ասաց, որ հատուկ առարկա եղել է նույնիսկ Սովետական Միության տարիներին, որը կոչվել է էկոլոգիայի հիմունքներ. «Ես կողմնակից եմ նրան, որ այս գիտությունն ինտեգրված լինի դպրոցական դասագրքերի մեջ՝ որպես ընթերցանության նյութ, իսկ ավելի մեծ տարիքում, երբ մասնագիտական կողմնորոշման խնդիր պետք է առաջանա ավագ դպրոցում, արդեն լինի հատուկ առարկա, որտեղ ավելի կխորանան այս առարկայի խորքերը»։
