«Ընդդիմադիրներն այդքան հանրապետականին չկպան, որքան՝ Էդմոն Մարուքյանին». Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգված չէ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությամբ, թե ՀԱԿ-ը պատրաստվում է միավորվել ընդդիմադիր ուժերի հետ և 2017-ին իշխանափոխություն իրականացնել։ «Հայտարարություններ անող ուժերին կխնդրեի, որ նախևառաջ իրենք իրենց մեջ տեսնեն խնդիրը։ ՏԻՄ ընտրություններին մենք տեսանք, որ ընդդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց նաև ձայն չտվեց ՀԱԿ-ին։ Թող իրենց մեջ խնդիրները տեսնեն, նոր գան հայտարարություններ անեն»,-նշեց նա։ Շարմազանովի խոսքով՝ ընդդիմադիր ուժերն այսօր քաղաքական դաշտում պայքար են սկսել իրար դեմ, ուստի անիմաստ է խոսել նրանց համախմբման հեռանկարների մասին։ «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ սկսվել է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ՝ ընդդիմություն-ընդդիմություն պայքար։ Այսօր ընդդիմությունը մրցապայքար է սկսել, թե ով ում ավելի լավ կհայհոյի, մեկը մյուսի վրա կոմպրոմատների պայքար է սկսել։ Օրինակ, Վանաձորի ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներն այդքան հանրապետականին չկպան, որքան՝ Էդմոն Մարուքյանին»,-ընդգծեց Շարմազանովը։
