Ուորլիքը՝ տարածքների վերադարձի մասին
Իլհամ Ալիևը քննարկում է մեկնարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, և դա մի բան է, որը պետք է ողջունել: Այս մասին Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով, թեև մոտեցումները տարբեր են, բայց դրանց մասին հարկ է ներկայացնել հանրությանը. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, քանզի բոլոր բաղադրիչները, որոնք բանակցությունների մաս են կազմում, պետք է ներկայացվեն հանրության լայն շրջանակներին», – ասաց ամերիկացի համանախագահը: Ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են առաջ ընթանալ խաղաղության ճանապարհով: Եվ տարածաշրջան կատարած այս այցի նպատակներից մեկը ոչ միայն քայլերի հստակեցումն է, այդ թվում ՀՀ նախագահի հետ, այլև որոշակի հստակություն մտցնելը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու շուրջ գործընթացում: Ջեյմս Ուորլիքը հավաստիացրել է, որ Մինսկի խումբը աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակ գտնելու և տևական խաղաղության ապահովելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է ամենախնդրահարույց հարցին՝ տարածքների վերադարձի շուրջ, ապա ըստ Ուորլիքի՝ կարգավորման գործընթացը մեկ ամբողջական փաթեթ է և բոլոր հարցերը պետք է միասնական քննարկվեն: «Եթե ԼՂ հարակից շրջանների վերադարձի մասին հարց կա, ապա պետք է քննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, պետք է քննարկվի նաև փախստականների և տեղահանվածների հարցը, խաղաղապահների տեղակայումը: Այսինքն՝ կողմերից ոչ մեկը չի կարող վերցնել միայն իր համար նպաստավոր տարրն ու քննարկել միայն դա»,- ասաց նա:
