Քաղաքացիական պատերազմի առջեւ ենք. Բագրատ Ասատրյան
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց.«Կառավարության նոր ծրագրում անկեղծ գնահատականներ են տրվել: Արտագաղթի խնդիրը չեմ հիշում, որ նախորդ կառավարությունների ծրագրում ասվել է: Հայաստանում խոր ճգնաժամի, արտաքին ռազմաքաղաքական խնդրի առջեւ ենք կանգնած, ներքաղաքական դաշտում ընդվզումները մտորելու տեղիք են տալիս եւ կանգնած ենք քաղաքացիական պատերազմի առջեւ: Մարդիկ երբեք այսքան վատ չեն ապրել, ինչ այս տարի եւ երբեք հայը այսքան թշվառ չի եղել:Նոր կառավարությունը, սակայն, լրացնելու բազմաթիվ տեղեր ունի, և վիճակը պահանջում է խոր ուսումնասիրություն եւ վերլուծություն: Մենաշնորհը չարիք է, շուկայական տնտեսության քայքայող օղակներից մեկն է, իշխանությունը պետք է միջոցներ կիրառի դրա դեմ պայքարելու համար»: Միաժամանակ Բագրատ Ասատրյանը հիշեցնում է, որ նախորդ կառավարություններն էլ են հրաշալի, իրատեսական ծրագրեր ներկայացրել, սակայն իրականություն չեն դարձել։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը դրախտ էր խոստանում, ուսուցիչների աշխատավարձը բավականին պետք է բարձրանար: Տնտեսագետը խորհուրդ է տալիս պարզել, թե իրականում ինչն է պատճառը, որ ծրագրերը իրականություն չեն դառնում. «Գուցե մեղավորը ես եմ, ես գնամ, գուցե կոռուպցիան է մեղավոր, դրան պետք է ուշադրություն դարձնեն»:
