Միքայել Մելքումյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին հարցին: Այսօր մի խումբ ԲՀԿ-ականներ գնացել են Ծառուկյանի տան մոտ՝ պահանջելով նրա վերադարձը քաղաքականություն: Միքայել Մելքումյանն ասաց, որ դա իրենց կառույցների նախաձեռնությունն է:
"Մեր տեղական տարբեր կառույցներ իրենց մտադրությունները չեն թաքցրել և որոշել են այսօր գնալ ու իրենց ցանկություններն արտահայտել: ԲՀԿ-ի տարբեր կառույցներ կան, ոչ միայն տեղական կառույցներ, այլ նաև տարբեր համակիրներ, որոնք իրենց ցանկությունները փորձել են արտահայտել",- ասաց Մելքումյանը: Նա նշեց, որ այդ հարցը ԲՀԿ-ում հատուկ չի քննարկվել, պարզապես ԲՀԿ վերնախավը տեղյակ է եղել, որ նման նախաձեռնութուններ կան:
"Երբ որ մենք գնում ենք մարզեր, սրա մասին շատ եմ ասել, մարդիկ կան մարզերում և այլ տեղերում, որոնք տեղյակ չեն, որ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել, բերում են, նամակներ են տալիս, ասում են՝ խնդրում ենք փոխանցեք Ծառուկյանին և այլն: Սա տեղական կառույցների ինքնաբուխ նախաձեռնությունն է",- ասաց նա:
Մելքումյանի խոսքով՝ իրենք եթե-ներով այսօր չեն ուզում առաջնորդվել, քաղաքականությունը ռեալ պոլիտիկ է, եթե Ծառուկյանի վերադարձը կլինի, նոր կխոսեն. "ես իմ տեսակետն ասել եմ, որ մեր հիմնադիրն է, ես խնդիր չեմ տեսնում",-նշել է պատգամավորը:
