Լավ լուր՝ ԴԱՀԿ ծառայությունից
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել Կառավարության կողմից մշակված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն: Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխության հինական նպատակն է մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն: «Ինչ պարտավորություն էլ նա խախտի, առնավազն վերջում հնարավորություն պետք է ունենա չմնալ փողոցներում, չպետք է անձը իր «մեղքերի» համար պատասխան տա՝ բնակվելու իրավունքի հաշվին»,- ասաց փոխնախարարը: Միաժամանակ, ըստ նրա, բացառություն է սահմանվում այն դեպքում, երբ միակ բնակարանը անձն, ի ապահովումն իր պարտավորությունների, գրավադրել է: «Այսինքն՝ անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Բացառություն է նաև, եթե անձն ունի պարտավորություն՝ վճարելու ալիմենտ, կամ հատուցելու կյանքին կամ առողջությանը պատճառած վնասը»,-ասաց նա: Փոխնախարարն ասաց, որ ԴԱՀԿ օրենքում նախատեսված է գույքի ցանկ, որի դեպքում չեն կարող բռնագանձել, օրինակ, հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները կամ պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ինչպես օրինակ երաժշտի դեպքում՝ ջութակ, դաշնամուր: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ ցանկը ևս մեկով մտադիր են ավելացնել: «Միակ բնակարանը և դրան կից հողամասը, որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, որի գնահատված արժեքի 75%-ը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարին, չպետք է բռնագանձման ենթակա դաձնել»,-ասաց նա: Իսկ թե ինչու 75%, փոխնախարարը պարզաբանեց՝ ԴԱՀԿ օրենքով երբ դրվում է աճուրդի, նախնական մեկնարկային գին է սահմանվում 75%-ը: Ի դեպ՝ փոխնախարարը նաև նշեց, որ աճուրդի հարցերը կարգավորելու համար ներկայացվել են հրապարակային հարկադիր աճուրդի կարգավորումները:
