Զախարովան՝ Հայաստանին «Իսկանդեր»-ների վաճառքի մասին
Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը: Այս մասին Sputnik-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքը: «Ես ռազմական փորձագետ չեմ, ուստի առանձին մեկնաբանություն չունեմ յուրաքանչյուր կոնկրետ սպառազինության համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, մենք այն բազմիցս պարզաբանել ենք»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է՝ ելնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման նկատառումներից և Ռուսաստանի կողմից իր վրա վերցրած միջազգային պարտավորությունների շրջանակում:
