«Կառավարության ծրագրում բնապահպանությանն ուղղված քայլեր չկան». Կարինե Դանիելյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ 2015 թ. սեպտեմբերին ընդունվել է ՄԱԿ-ի՝ «Վերափոխենք մեր աշխարհը մինչև 2030թ.» և Կայուն զարգացման ծրագիրը, որին անդամագրվել է նաև Հայաստանը: Ծրագիրը վերաբերում է 3 ոլորտի՝ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական: Ըստ Դանիելյան՝ Հայաստանը պարտավորվել է տեղայնացնել կայուն զարգացման նպատակները, մշակել համապատասխան ծրագրեր և առաջ գնալ: Դա նաև կառավարության խնդիրն է: «Այս առումով Հայաստանը դեռ լուրջ քայլեր չի արել, չնայած արդեն 22 երկիր, որոնց մեջ են Վրաստանը և Թուրքիան, սկսել են տեղայնացման գործընթացը և ՄԱԿ-ին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը: Մենք դա պարտավորվել ենք անել 2017- ին: Նախորդ կառավարության հետ աշխատել ենք այս ուղղությամբ, հանրության հետ 24 կլոր սեղան ենք անցկացրել, բայց մեզ մոտ, կարծես, օրենք է դարձել ՝ ամեն նոր կառավարություն զրոյից է սկսում, հուսանք, որ գոնե այս անգամ այդպես չի լինի, և մեր կատարած աշխատանքը զրոյի չի հավասարվի»,- ասաց Դանիելյանը: Բնապահպանը հավելեց, որ էկոլոգիական մշակույթը և սոցիալական արդարության մոտեցումները, սկզբունքները պետք է ինտեգրվեն բոլոր ոլորտներում: «Կառավարության ծրագիրը ինձ գոհացնում է, բայց բնապահպանության ոլորտին ռեալ անդրադարձ չեմ տեսնում», - նշեց բնապահպանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Կառավարության ծրագրից բացակայում են բնապահպանությանն ու էկոլոգիային ուղղված քայլերը:
