«Նաիրիտի» հարցը գլորում են. Ն. Զոհրաբյան
ԱԺ այսօրվա նիստում մտքերի փոխանակման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ԱԺ-ն նպատակ ունի «Նաիրիտ» գործարանի գործունեության և հատուկ ռեժիմի անցկացման հարցը գլորել քառօրյա մեկ նստաշրջանից մյուսը: Նա մասնավորապես նշեց. «Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Նաիրիտ» գործարանի գործունեության և հատուկ ռեժիմի անցկացման օրենքի նախագծին: Բայց ես այսօր տեղեկացա, որ, կարծես թե, մտադրություն չկա, որ այս քառօրյայում նախագիծը քննարկվի: Եթե նպատակը դրական եզրակացություն տալն ու գլորելով քառօրյայից քառօրյա տանելն է, չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է: Այս հարցը պետք է քննարկվի և հարցին պետք է վերջական լուծում տրվի»: ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք իրենց առաջարկած նախագծով սայլը տեղից շարժելու հնարավորություններ են ցույց տվել: «Մենք ցանկանում ենք, որ հարցը այս քառօրյայում քննարկվի: Այս հարցը պետք է ստանա իր պատասխանը՝ այո կամ ոչ: Երկու պատասխաններն էլ պետք է ունենան հիմնավորումներ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե իրենց առաջարկը շտկումների կարիք ունի, կարող են դրանք քննարկել և լրամշակված տարբերակ առաջարկել:
