Սևանում այսօր կկայանա «Պատանի լրագրողների» դպրոցում սպանված 22-ամյա Լևոնի հոգեհանգիստը. սպանության հեղինակը կալանավորված է
Այսօր Սևան քաղաքում կկայանա «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի հոգեհանգիստը, իսկ վաղը Սևանը հրաժեշտ կտա 22-ամյա ապագա բժշկին: ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանին՝ 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու համար: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: Ըստ այդմ՝ երեկ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նշենք, որ «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան մահացավ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Լևոնը դանակի ծանր վնասվածքներ էր ստացել սրտի ու թոքի շրջանում: Ոստիկաների հետ զրույցում Վահան Ղազարյանը հայտարարել է, թե 22-ամյա Լևոն Սահակյանին հարվածներ է հասցրել պաշտպանվելու համար: «Եկել էր մեր օֆիս, վեճ եղավ, ինձ խփեց, պաշտպանվելու համար ես էլ իրան եմ խփել: Գլխիս էր խփում, ես էլ տակից դուրս գալու, պաշտպանելու համար խփել եմ»,-ոստիկաններին հայտարարել է Ղազարյանը: Մինչդեռ Լևոնի նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել է, որ «Վահան Ղազարյանը ինքն էր կանչել Լևոնին՝ ամիսներ առաջ իրեն չվճարած աշխատավարձն, իբր, տալու»: Նշենք, որ 22-ամյա Լևոնը Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին է և Սևան քաղաքի բնակիչ:
