Արսինե Խանջյանը դատի է տվել ոստիկանությանը
Աշխարհահռչակ սփյուռքահայ կինոռեժիոր Ատոմ Էգոյանի կնոջ՝ հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանի անունից հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան՝ ընդդեմ ոստիկանության: Հայցադիմումն արդեն ընդունվել է դատավոր Կարեն Ավետիսյանի վարույթ: Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Արսինե Խանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, հիմնական հայցապահանջը ոստիկանության գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելն է: Ներկայացվել է նաև 500.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի հատուցման պահանջ՝ արդեն որպես հետևանք: Երևանի Մ.Խորենացի փողոցից Արսինե Խանջյանին բերման էին ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ նրան ապօրինաբար պահել էին՝ երեք ժամից ավելի, առանց որևիցե պատճառաբանության: «Բացի այդ, երբ որ մենք ներկայացել ենք այնտեղ և որպես իրավաբան ցանկանում էինք մուտք գործել, նաև խոչընդոտել են իրավաբանի մուտքն այնտեղ»,- ասաց փաստաբանը: Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Ա.Խանջյանի ձեռքից վերցրել էին նրա բջջային հեռախոսը՝ դա նույնպես ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողություն է: Ըստ Ա.Խանջյանի ներկայացուցչի, այնտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, ովքեր բերման էին ենթարկվել, մոտավորապես, 80-100-ի կարգի, մարզադահլիճում բոլորին պահել են՝ առանց որևէ պատճառաբանության: «Որոշակի առումով կարծես թե առևանգում լինի, համենայն դեպս դրա համար իրավական հիմք չկա»,- ասաց փաստաբանը: Արամազդ Կիվիրյանը փաստեց՝ ոստիկանության նկարագրված գործողություններն ոչ իրավաչափ են. ոստիկանությունն իրավունք չուներ որևէ ձևով սահմանափակել անձի ազատությունը, խոչընդոտել նրա տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու իրավունքին: «Ոստիկանությունը հետագայում հայտարարություններ էր տարածել, որ ինչ-որ շփոթմունք է տեղի ունեցել և այլն: Ճիշտն ասած չգիտեմ արդյոք նրանք դատական պրոցեսի ընթացքում պնդելո՞ւ են այդ մոտեցումը, թե՞ ոչ, սակայն շփոթմունք տեղի ունենալու մասին այդ դիրքորոշումը, որը որ մամուլում հրապարակվել է ոստիկանության անունից, չի տեղավորվում իրավական դաշտում և եթե դատական գործընթացում ոստիկանությունը պատրաստվում է դրանով հիմնավորել, ապա մենք մեր հակափաստարկները կներկայացնենք այդ մասով»: Փաստաբանը հավելեց, որ «ոստիկանությունը սիրում է գալ ինչ-որ դատական պրոցեսների և լրիվ այլ ձևով ամեն ինչը ներկայացնել և փորձել ինչ-որ ձևով իրենց գործողություններն արդարացնել: Տեսնենք ինչով կփորձի արդարացնել ոստիկանությունն իր անօրինական գործողությունները»: Փաստաբանը հույս հայտնեց, որ Հայաստանի դատական ատյանները գոնե ի զորու կլինեն, ի վերջո կունենան արդարադատություն իրականացնելու կամքը գոնե այս գործով: «Մեծ հույսեր չեմ կապում՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը: Գործի քննությունը, կարծում եմ, հրապարակվելու ու լուսաբանվելու է, միգուցե դրանով նաև դատարանը կաշկանդված կլինի»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ նմանատիպ շատ գործերով արդյունքներն իրեն չեն գոհացնում:
