Շաքրո Մոլոդոյի «աջ ձեռք» հայ գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
«Կոնստանտին Մանուկյանի նկատմամբ հետախուզում է սկսվել։ Օպերատիվ տեղեկություններով՝ նա հիմա թաքնվում է Հայաստանի տարածքում»,– «Ռոսբալտին» հայտնել են իրավապահ մարմիններում աղբյուրները։ Դրանց փոխանցմամբ՝ Մանուկյանի դեմ ձեռնարկված միջոցներն ուղղակիորեն կապ ունեն ՌԴ ԱԴԾ հետաքննության հետ, որոնք ընթանում են հանցավոր միություն ստեղծելու հոդվածով, եւ որի գլխավոր ֆիգուրանտը Զախարիա Կալաշովն է։ Այդ հետաքննության շրջանակներում ընթանում է նաեւ երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Դենիս Նիկանդրովի, Միխայիլ Մաքսիմենկոյի եւ Ալեքսանդր Լամոնովի դեմ հետաքննությունը կաշառակերության հոդվածով։ Հակահետախուզության տվյալներով՝ նրանք Շաքրո Մոլոդոյից խոշոր չափի կաշառք են վերցրել, որպեսզի ազատության մեջ հայտնվի նրա օգնական Անդրեյ Կոչյուկովը՝ Իտալացի մականունով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Կոնստանտին Մանուկյանը Կալաշովի ֆինանսական գործերի պատասխանատուն էր եւ արդեն մի քանի տարի է Ինտերպոլի գծով հետախուզման մեջ է, քանի որ Իսպանիայում նրան մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման համար։ ՌԴ տարածքում այդ գործով կալանքից նրան ավելի վաղ փրկել էր ՌԴ քաղաքացիությունը։
