Հոգեւոր հովվին ծեծի ենթարկած Ական ներողություն է հայցել, հոգեւորականը կների՞
Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, որ Վանաձորի ՀՎԿ-ի (նախկին ՕԵԿ) քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը՝ Ական, ներողություն է հայցել Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանից, որին ծեծի էր ենթարկել՝ քաղաքապետի ընտրություններում իրեն չսատարելու համար: Լուրը ճշտելու համար Armtimes.com-ը զրուցեց Ռաֆայել Գրիգորյանի հետ. - Պարոն Գրիգորյան, Արկադի Փելեշյանը Ձեզնից ներողություն է հայցել: - Բազմիցս նման դրսեւորումներ եղել են, շատերի միջոցով փոխանցել է ներողությունը, քանի որ հիմա պաշտոնապես լրատվամիջոցի միջոցով է հայցում իմ ներողամտությունը, ես կկողմնորոշվեմ ինչպես վերաբերվել այդ խնդրին: - Հնարավո՞ր է բողոքը հետ վերցնեք: - Հետագան ցույց կտա: - Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ է նման դեպքերից խուսափելու համար, որպեսզի վերջինս իր պատիժը կրի օրենքի շրջանակում ու պատասխանատվության ենթարկվի, քանի որ Վանաձորում մինչ այս դեպքն է ոչ բարի համբավով է աչքի ընկել: - Տվյալ դեպքում, ես ավելի շատ կփորձեմ քրիստոնեական արժեքներից ելնելով դրսեւորել իմ վերաբերմունքը՝ որպես քրիստոնյա հանդես գալով: -Եւ ներե՞ք: - Հավանական է: -Բողոքն էլ հե՞տ կվերցնեք: - Կքննարկեմ փաստաբանիս հետո, նոր կկողմնորոշվեմ: - Հնարավո՞ր է փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո բողոքը հետ վերցնեք: - Հնարավոր է, չեմ բացառում: - Պարոն Գրիգորյան, Արկադի Փելեշյանն այդ դեպքից հետո փորձե՞լ է մուտք գործել եկեղեցի, զրուցել Ձեզ հետ: -Այո, եղել է, բայց ես պատրաստ չեմ եղել հոգեբանորեն: - Այդ դեպքը հանրության շրջանում մեծ աղմուկ էր առաջացրել, մտավախություն չունե՞ք, որ հակառակ ազդեցութուն կունենա, եւ մարդիկ Ձեզ կքննադատեն քրիստոնեաբար վարվելու համար: - Ես հիշում եմ, որ նմանատիպ վերաբերմունք ցուցաբերեց նաեւ Հռոմի պապը, այն քրիստոնեության մեջ ընդունված մշակույթ է, նույնիսկ Հիսուսը խաչի վրա աղոթում էր իրեն խաչողների համար: - Փելեշյանը նաեւ պնդում է, որ լրագրողներն են աղմուկ բարձրացրել` հարցին քաղաքական երանգ տալով, Դուք դեռ պնդո՞ւմ եք, որ նա մուտք է գործել եկեղեցի եւ հարձակում գործել Ձեզ վրա՝ ընտրություններին իրեն չսատարելու համար: - Միանշանակ, ինչ ասել եմ հարցազրույցներում, նաեւ ձեզ հետ զրույցումհամապատասխանում է իրականությանը, սուտ խոսելը մեղք եմ համարում: ՀԳ. Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն Փելեշյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, մեր տեղեկություններով նա մեղքը չի ընդունել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:
