«Բլից-կրիգը» ձախողվեց.Ադրբեջանը դիվերսիոն գործողություններով փորձում է իր դեմքը փրկել. Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերը գնահատում է որպես՝ «Ադրբեջանը նման դիվերսիոն գործողություններով փորձում է իր դեմքը փրկել»՝ տարածաշրջան համանախագահների այցի նախաշեմին: Ալիևը փորձում է ներքաղաքական դաշտում դիվիդենտներ ստանալ` ժողովրդին ցույց տալով իբր հայրենասեր է,ասաց Բաբայանը:
«Հաշվի առնելով այն, որ ապրիլյան պատերազմի «բլից-կրիգը» ձախողվեց` Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ երեսը փրկի` դիմելով նման քայլերի, որոնք բնորոշ են հանցագործին: Ադրբեջանն իրականացնում է դիվերսիոն փորձեր, գործի դնում դիպուկահարներին` ցույց տալով, որ ինքը կա: Դրանից բացի, Ալիևն այդ գործողություններով փորձում է ներքաղաքական դաշտում դիվիդենտներ ստանալ` ժողովրդին ցույց տալով, թե որքան հայրենասեր է: Այնինչ, դրան զուգահեռ շարունակում է թալանել ժողովրդին»,-ասաց Դավիթ Բաբայանը: «Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե որքանով են այս գործողությունները կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հետ, Դավիթ Բաբայանը նշեց, որ անմիջականորեն կապված չեն: «Անմիջականորեն կապված չեն, սակայն պետք է նկատել, որ նման այցերի ժամանակ սահմանին Ադրբեջանի գործողություններն ակտիվանում են: Իհարկե, անտրամաբանական է համանախագահների այցելության ժամանակ նման գործողությունների դիմելը, սակայն հանցագործ պետությունը տրամաբանությամբ չի շարժվում»,-հավելեց Դավիթ Բաբայանը: