Հրազդանի քաղաքապետի դեմ հարուցվել է քրեական գործ
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի նախկին պետ Ռադիկ Հարությունյանի դիմումի հիման վրա Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1 մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
