Վաչե Գաբրիելյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Աժ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե առաջին նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկները որքանով են ընդունելի, նա պատասխանեց, որ իր համար դա զարմանալի հայտարարություն է: «Ֆինանսական դժվարություններ կան, բայց դա դեֆոլտ չէ։ Զուտ մասնագիտական տեսանկյունից՝ ինձ համար հետաքրքիր կլիներ դրա հիմքերը տեսնել»,- ասաց փոխվարչապետը։ Վաչե Գաբրիելյանը նշեց նաև, որ մեզանում չկան արտաբյուջեներ, որոնց գոյությունը նախատեսված չլինի օրենքով։ «Արտաբյուջեներ կան, որոնք անհրաժեշտ են։ Ես արտաբյուջեների խոշոր ջատագով չեմ և կառավարության դիրքորոշումն էլ եղել է հնարավորինս կարգավորել արտաբյուջեները, բայց դրանք միայն օրենքով սահմանված դեպքերում գոյություն ունեն։ Բացի այդ էլ՝ մենք ունեք մի շարք արտաբյուջեներ, որոնք փոքր գումարներ են կազմում»,- ասաց նա։ Վերջինս ընդգծեց, որ այսօր բազմաթիվ արտաբյուջեներ գոյանում են ոչ թե վարկերից, այլ՝ գրանտներից, ուստի կոչ արեց բացասական չվերաբերվել արտաբյուջեներին։
