«Աղջիկներին ավելի շուտ կտան օտար հարեմ, բայց բանակ չեն ուղարկի». Պարույր Հայրիկյան
Այսօր Հայելի ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ կառավարության նոր ծրագիրն իրատեսական չէ: Սահմանադրության համաձայն՝ ապրիլին պետք է անցկացվեն նոր ընտրություններ, պետք է կկազմավորվի նոր կառավարություն: Հետեւաբար այս ծրագիրը ամենամեծ ցանկության դեպքում չեն կարողանա իրականացնել, փոխարենը կարող էին նախանշել ուղղությունները: Այդուհանդերձ, Հայրիկյանն անդրադարձավ ծրագրի որոշ դրույթներին՝ ընդգծելով, որ մասնավորապես երկրում գործազրկությունը կրճատելու համար կպահանջվի 2-3 տարի, 5-6 տարի էլ պետք կլինի միջին խավ ձեւավորելու համար: Վեցամսյա կյանք ունեցող կառավարությունն այս դրույթները միանշանակ չի կարող իրագործել: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ էլ, ըստ Հայրիկյանի, լուրջ նահանջ կա. «Սերժ Սարգսյանի շուրթերից պարբերաբար հնչել է Ցեղասպանություն բառը, ծրագրում ասվում է միայն նպաստել Ցեղասպանության ճանաչմանը, մինչդեռ, օրինակ հրեական հոլոքոսթից հինգ-վեց տարի անց արդեն խոսվում էր դրա հետեւանքների վերացման մասին: Այսինքն մեզ մոտ նույն գաղթական, փախստական մոտեցումն է»: Անդրադառնալով պաշտպանական ոլորտին՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ մենք չունենք պահեստազոր, ապա հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ առաջարկություն է ներկայացնել աղջիկներին կամավորության սկզբունքով զորակոչել բանակ, սակայն առաջարկության դեմ թեեւ առարկություն չի եղել, սակայն այն չի անցել. «Մեզ մոտ աղջիկներին ավելի շուտ կտան օտար հարեմ, բայց բանակ չեն ուղարկի»։
